Իմ առաջին մենահամերգային շրջագայությունը, ինչպես նաև վարպետության դասերն ու տեղի տաղանդների հետ համատեղ ելույթները, իմ երախտագիտության նշանն են Հայաստանին և նրա հրաշալի հանդիսատեսին. Դմիտրի Մասլեև

Այս աշնանը Հայաստանի մշակութային կյանքը կհարստանա ևս մեկ նշանակալի իրադարձությամբ։ Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի հաղթող, հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը վերադառնում է Հայաստան՝ իր առաջին մենահամերգային շրջագայությամբ։ Ծրագիրը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Ռախմանինովի սիրված և ճանաչված գլուխգործոցներին։ Մասլեևի շրջագայությունն իրականացվում է «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ։

Դմիտրի Մասլեևն այն երաժիշտներից է, որն նվաճել է աշխարհի առաջատար բեմերն ու քննադատների համակրանքը՝ շնորհիվ իր կատարյալ տեխնիկայի և նրբաճաշակ, խորը, պոետիկ մեկնաբանությունների։ Մեր հանդիսատեսի համար նրա անունը վաղուց դարձել է բարձրարժեք կատարողական արվեստի խորհրդանիշ։ Դաշնակահարը բազմիցս այցելել է մեր երկիր՝ որպես մենակատար ելույթ ունենալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Սակայն Մասլեևի կապը Հայաստանի հետ դուրս է գալիս սովորական համերգային ծրագրերի շրջանակից։ Լինելով «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի դաշնամուրային բաժնի ղեկավարը՝ երաժիշտն ակտիվ լուսավորչական և մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում։ Նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում տաղանդավոր երիտասարդ հայ դաշնակահարների համար՝ անգնահատելի ավանդ ներդնելով մեր դաշնամուրային դպրոցի զարգացման և երաժիշտների նոր սերնդին աջակցելու գործում։

Aravot.am-ը կապվեց երաժշտի հետ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա փոխանցեց հետևյալը. «Հայաստան կատարած յուրաքանչյուր այց ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է և ներշնչանքի աղբյուր։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մաեստրո Էդուարդ Թոփչյանի և «Պրիմավերա ֆաունդեյշն»-ի հետ տարիների համագործակցության ընթացքում ձեր երկիրն ինձ համար հարազատ է դարձել։ Հիմնադրամում իմ մանկավարժական աշխատանքի շրջանակներում ես պարբերաբար շփվում եմ երիտասարդ հայ դաշնակահարների հետ և ամեն անգամ հիանում նրանց խորը երաժշտականությամբ ու արվեստի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումով։ Հենց այդ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է նաև մեկնել մարզեր, կիսվել փորձով և դասական երաժշտությունը հասանելի դարձնել բոլորի համար։ Իմ առաջին մենահամերգային շրջագայությունը՝ նվիրված Ռախմանինովին, ինչպես նաև վարպետության դասերն ու տեղի տաղանդների հետ համատեղ ելույթները, իմ երախտագիտության նշանն են Հայաստանին և նրա հրաշալի հանդիսատեսին»։

Նշյալ հիմնադրամի կայքում կարդում ենք.

Մասլեևի հայաստանյան համերգային ծրագիրն ընդգրկելու է ինչպես մայրաքաղաք Երևանը, այնպես էլ Հայաստանի մարզերը։ Ընդ որում, Վարդենիսում և Կապանում կայանալիք համերգների մուտքն ազատ է լինելու, ինչն ընդգծում է նախագծի կարևոր սոցիալական և կրթական առաքելությունը։ Դաշնակահարը նոյեմբերի 17-ին հանդես կգա Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցում, նոյեմբերի 19-ին՝ Դիլիջանի UWC Dilijan քոլեջում, նոյեմբերի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Երևան), և նոյեմբերի 23-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում։ Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ն, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի մեծ դահլիճում Դմիտրի Մասլեևը կանցկացնի վարպետության դասեր։

Վերջում ուշադրություն սևեռենք մեր երաժշտական կյանքում դեռևս չհանդիպած մի երևույթի վրա. Դմիտրի Մասլեևը երիտասարդ հայ երաժիշտներին բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հետ զուգանվագով ելույթ ունենալու համերգների ընթացքում՝ որպես «բիս» կատարելով հայ կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment