Կառավարությունը բառիս բուն իմաստով անգործության է մատնված և որևէ քայլ չի ձեռնարկում գնաճը զսպելու ուղղությամբ. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

«Պետության ղեկավարն Ազգային ժողովում խրոխտ տոնով ասում է, որ պետական բյուջեի ցուցանիշներն ավելացել են, և բոլորը ծափահարում են։ Դրանք բոլորը գնաճի ուղիղ հետևանքն են։ Պետության ղեկավարը միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով, որպեսզի պետական բյուջեի ցուցանիշներն ավելանան, և հետո նա խրոխտ տոնով հայտարարի, թե պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ զրույցի սկզբում անդրադառնում ենք երկրում գնաճի ահագնացող տեմպերին։ Ընդգծում է՝ նախ պետք է հասկանալ, թե գնաճի ճշգրիտ հիմքերը որտեղից են գալիս։ «Վերջին տարիներին, պայմանավորված մի շարք հանգամանքներով, Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ ձևավորվեց հայրենիքում տուն ունենալու բնական պահանջարկ։ Դրա հաշվին սկսվեց բնակարանային ձեռքբերումների հետաքրքրվածություն առաջ գալ։ Ինչո՞ւ եմ ասում հետաքրքրվածություն, որովհետև գործարքները դեռևս պահանջարկին չեն համապատասխանում, իրական գործարքներ դեռևս տեղի չեն ունենում այդքան մեծ ծավալով։ Այսպիսով, սպասումներ են ձևավորվում, դրանից բխում է անշարժ գույքի արժեքի բարձրացումը, ընդ որում՝ անշարժ գույքի և՛ ձեռքբերման, և՛ վարձակալության արժեքների։ Ռեստորանները, սրճարանները, խանութները, որոնք վարձակալական հիմունքներով են աշխատում, վարձակալական վճարի ավելացման պարագայում չեն կարող ապրանքների սակագները չբարձրացնել, որ կարողանան և՛ վարձավճարները, և՛ աշխատավարձերը, և՛ հարկերը սպասարկել և այլն։ Մի կողմից՝ վարձակալական սակագներն են, որի հետևանքը լինում է ապրանքների գների աճը, այնուհետև աշխատավարձի բարձրացման բնական պահանջ է ձևավորվում աշխատակազմի շրջանում։ Մարդիկ ասում են՝ չենք կարողանում այլևս նախկին աշխատավարձով ապրել, որովհետև ամսական հաստատուն ծախսերը չենք կարողանում սպասարկել. ըստ այդմ, բոլորը բնականորեն պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Սա արդեն գնաճի վրա ազդող երկրորդ փուլն է։ Հաջորդ կողմից՝ պետությունը որդեգրել է հարկերի անընդհատ ավելացման քաղաքականություն, մանր և միջին բիզնեսին դուրս է մղում, փորձում է հարկեր ավելացնել կամ վարչական, վարչարարական ճնշումներով ավելի շատ հարկ գեներացնել։ Սա երրորդ ծախսային ուղղությունն է։ Սրանց հանրագումարը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների արժեքի աճի։ Այն շարունակական պրոցես է, եթե ավելի բարձրացավ ապրանքի արժեքը, աշխատավարձի բարձրացման պահանջն ավելին է լինելու, ավելին է լինելու վարձակալության արժեքը և այլն։ Սա է գնաճի պատճառը։ Կառավարությունը բառիս բուն իմաստով անգործության է մատնված և որևէ քայլ չի ձեռնարկում գնաճը զսպելու ուղղությամբ։ Միայն հայտարարում է, որ պետբյուջեի եկամուտներն ավելացել են, և խոսում է այն մասին, որ կենսաթոշակները բարձրացրել է և այլն, բայց տասը հազար դրամով կենսաթոշակի բարձրացումը նույնիսկ գնաճը չի փոխհատուցում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իսկ եթե դիտարկենք մի իրականություն, երբ կառավարությունն աշխատեր ի բարօրություն իր քաղաքացիների, նա ունի՞ գործիքներ՝ գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների պարագայում գնաճը զսպելու համար։ «Պետությունը պետք է Կենտրոնական բանկի, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ անընդհատ համագործակցի։ Այստեղ պետք է պետական կառավարչական մարմինների հորիզոնական համագործակցություն։ Ի՞նչ է սա նշանակում։ Յուրաքանչյուր գերատեսչություն պարտավորությունն իրենից տեղափոխում է այլ գերատեսչություն, օրինակ՝ հանձնաժողովն ասում է, որ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի ֆունկցիոնալ պարտականությունն է, Կենտրոնական բանկն ասում է՝ միայնակ չեմ կարող դա իրականացնել, որովհետև իմ գործիքակազմը չի բավարարում ամբողջությամբ դա զսպելու ուղղությամբ: Չեն համագործակցում, պատասխանատվությունից խուսափում են բոլոր կողմերը։ Վերջերս Կենտրոնական բանկի նախագահն արդեն ավելի ադեկվատ ու պրոֆեսիոնալ մակարդակում էր արձագանքում, թե Հայաստանին այս կամ այն գործողությունների պարագայում ապոկալիպտիկ իրավիճակ է սպասվում։ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ժամանակ ասաց՝ ովքեր խոսում են ապոկալիպտիկ իրավիճակի մասին, տնտեսագիտությունից ընդհանրապես բան չեն հասկանում։ Մեկն է խոսում տնտեսագիտությունից, ընդ որում՝ պրոֆեսիոնալ կառույցի ղեկավարի վերաբերյալ (թեպետ քողարկված), որը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի, տեսեք, թե զավեշտն ուր է հասել։ Որևէ մեկը չի կատարում իր պարտականությունը։ Իսկ ի՞նչ պետք է անեն։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հենց առաջնային գնաճի պարագայում անմիջապես պետք է ստուգումներ իրականացնի բոլոր վաճառքի կետերում և ուսումնասիրի, թե որոնք են դրանք ծնող պատճառները, իսկ վերհանման պարագայում ազդեցություն գործի դրանց վրա։ Շատ են դեպքերը, երբ, օրինակ՝ նույն մանրածախ վաճառքի կետերում ապրանքների ձեռքբերման գնային փոփոխություն տեղի չի ունեցել, վարձակալության արժեքի փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել, բայց նրանք արդեն իսկ բարձրացնում են ապրանքի սակագները։ Նման պարագայում ունեն օրենքներով սահմանված գործիքակազմեր, որոնք կարող են կիրառել և զսպել այդ իրավիճակը։ Այսինքն, շուկայում կեղծ դրական սպասումներ չձևավորվեն, բոլորը չնետվեն շուկա ձեռքբերումներ իրականացնելու։ Տնտեսագիտության մեջ գոյություն ունի «հոտային վարքագիծ». եթե դրական կամ բացասական սպասում է ձևավորվում, մարդիկ գոնե մեկ ամսվա սնունդ են գնում, որ հանկարծ այն ավելի չթանկանա, հարևանը հարևանից լսում է, որ ինչ-որ բան է սպասվում, և շտապում են գնումներ կատարելու։ Ակադեմիական աշխարհում սա շատ հայտնի երևույթ է։ Կառավարությունը ոչ թե պետք է առավոտից երեկո զազրախոսությամբ զբաղվի, այլ այդպիսի խնդիրների ախտորոշմամբ ու խնդիրների լուծմամբ։ Վստահեցնում եմ՝ եթե խնդիրների ճշգրիտ ախտորոշմամբ զբաղվեն, այսպիսի սարսափելի գնաճ չենք ունենա։ Երկրորդ կարևորագույն խնդիրն էլ կա, որի վերաբերյալ չկա պետական որևէ վերահսկողություն, ստուգում, արձագանք։ Ամսվա սկզբի օրերին բոլոր խանութներում գները շատ ավելի բարձր են լինում, քան վերջին օրերին, որովհետև աշխատավարձերը, թոշակները, սոցիալական նպաստները ամսվա սկզբին են փոխանցում։ Մարդիկ իրենց սպառման հիմնական ձեռքբերումները կատարում են ամսվա սկզբի օրերին։ Եթե վերահսկողություն իրականացվի, որ գնային փոփոխություն անընդհատ տեղի չունենա, մեր քաղաքացիները այսպիսի իրավիճակում չեն հայտնվի: Եթե ուշադիր լինեք, ապա ամսվա սկզբին սուպերմարկետներում օրվա մեջ երեք անգամ կտեսնեք տարբեր ապրանքների գնապիտակի փոփոխություն։ Պետք չեն բարդ տնտեսագիտական լուծումներ. եթե ընդամենը սովորական վարչարարություն իրականացվի, խնդիրն ահագին կմեղմվի»,-նշում է տնտեսագետը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment