Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման ակցիաներ չէինք կազմակերպում. Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, մեզ հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասում է. «Նիկոլ Փաշինյանի հաղթանակն իր համար կիսատ է, նա չունի սահմանադրական մեծամասնություն, ընտրություններից առաջ պնդում էր, որ եթե չունենա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետալի պատերազմ տեղի կունենա։ Ինչպես տեսնում ենք՝ արդեն նոյեմբերն է, բայց ոչ մի պատերազմ էլ տեղի չունեցավ, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը պարզապես հասարակությանը շանտաժի էր ենթարկում: Նա իր գլխավոր խնդիրը չի կարողացել լուծել: Իրեն պետք էր սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ադրբեջանի կողմից պարտադրված հանրաքվեն իրականացնի, նոր սահմանադրություն գրի, որտեղ Անկախության հռչակագրի մասին խոսք անգամ չի լինի: Ամբողջ պատմությունը սա է: Հիմա ի՞նչ պետք է անի այս մարդը․ կա՛մ պետք է ընդդիմությանը ճնշելով, շանտաժի ենթարկելով, կալանավորելով ու տարատեսակ ճնշումների ենթարկելով կորզի իրեն անհրաժեշտ մանդատները, կա՛մ էլ պետք է հանրաքվեի գնա, բայց կրկին ընդդիմությանը ջարդելու եւ ամեն գնով կանգնեցնելու ճանապարհով: Հիմա նա հենց այդ ճանապարհով է գնում: Չեմ բացառում, որ արտախորհրդարանական որոշ ընդդիմադիր ուժերի դեմ էլ նման գործողություններ տեղի ունենան, բայց նախեւառաջ նա պայքարում է պառլամենտում ներառված ուժերի դեմ: Նրան օդուջրի պես մի քանի մանդատ է անհրաժեշտ: Ընդդիմադիր խորհրդարանական երկու ուժն էլ հստակ հայտարարել են, որ ոչ մի պարագայում մանդատ չեն տալու ալիեւյան սահմանադրությանը: Դա ոչ միայն այդ ուժերի ցանկությունն է, այլեւ նրանց ընտրողների պարտադրանքը: Մարդիկ լիազորել են ընդդիմադիր ուժերին՝ որեւէ պարագայում չսատարել իշխանությանը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընդդիմադիրներին համոզելու է, կոմպրոմիսի է գալու, առաջարկ է անելու եւ այլն: Ո՞րն է առաջարկը՝ առավոտ կանուխ 65 մարդու բնակարանում խուզարկություններ կատարե՞լը: Այս մարդն այլ տարբերակ չունի, մնում է, որ ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիները, քաղաքական ուժերը եւ լրատվամիջոցները սատար կանգնեն ընդդիմությանը, եւ ես ընդդիմադիր իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից եւ համախմբվել»։

Ապա Շարմազանովն անդրադարձավ Փաշինյանի այն սպառնալիքին, որ կառավարության անդամները կարող են փողոցային պայքար գեներացնել. «Պետք է նման բացահայտ շանտաժներից չվախենալ: Այս ամենը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, Հայաստանը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով: Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման ակցիաներ չէինք կազմակերպում, որովհետեւ կարեւորում էինք այլակարծությունը: Ի՞նչ է նշանակում՝ ով մեզ հետ չի, պիտի ճնշենք»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment