Նոյեմբերի 4-ի երեկոյան ընդդիմադիրները հավաքվել էին քննարկման «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տանը, որին ձերբակալել են: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ ուժերը միասնական հայտարարություն են ընդունել, հայտնում է Factor.am-ը:
Հայտարարության մեջ ասվում է․
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ամբողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
- Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
- Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
- Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանություն,
- Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»:
Հրապարակված հայտարարությանը միանալու մասին հայտնել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին մոտ 64․6 մլրդ դրամի վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման գործով 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
ՔԿ-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցավոր խումբը գործել է «Ս.Կ.» սկզբնատառերով անձի կազմակերպմամբ և ղեկավարմամբ։ Ըստ ամենայնի, խոսքը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի մասին է, որի բնակարանում այսօր խուզարկություններ են իրականացվել։ Սակայն Քննչական կոմիտեն հաղորդագրությունում նրա ինքնությունը պաշտոնապես չի բացահայտել։ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդման ենթարկվող անձանց ձերբակալելու վերաբերյալ։