«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։ Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է, թե անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ անգամ բացել են ու խուզարկել։
Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։ Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրված, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորման»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն այլեւս չի բավարարում այս իշխանություններին։
Մեզ պատմեցին, որ շատ տարիներ առաջ ԱԱԾ-ի՝ նախկին ԿԳԲ-ի կալանավայրում եղել են նկուղային խցեր, որոնք եվրոպական կառույցների պահանջով փակվել են, քանի որ արեւի լույս չի թափանցել ներս՝ խցերը պատուհաններ չեն ունեցել։
Փաստաբանները կասկածներ ունեին, որ այս շինարարությունն այդ խցերի համար լույս ապահովելուն է ուղղված։ Մենք հարցումներ ուղարկեցինք Քրեակատարողական ծառայություն, որի ենթակայության տակ է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն։ Պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել՝ դիմեք ԱԱԾ։
ԱԱԾ-ից էլ մեզ ուղղորդեցին դեպի ՔԿԾ՝ հրաժարվելով բացատրել, թե ինչ են կառուցում ներքին բակում։ Մի խումբ փաստաբանների հարցուփորձ արեցինք։ Նրանք ենթադրում են, որ ԱԱԾ կալանավայրի բակում կաթսայատուն է կառուցվում, որովհետեւ այս ՔԿՀ-ում ջեռուցման խնդիրը լուրջ է՝ կալանավորված անձինք ձմռանը սառչում են։
Մեծ թվով բողոքներ են եղել, եւ որոշվել է այդ հարցը կարգավորել, որ չստացվի՝ մարդկանց ե՛ւ քաղաքական հետապնդման են ենթարկում, ե՛ւ խոշտանգում՝ ցրտի մեջ պահելով։
«Հրապարակ» թերթը գրում է. ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։
Երեկ խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի հետ մի խումբ ՔՊ-ականներ են հանդիպել եւ, մեր տեղեկություններով, խնդրել են փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները։
Խորհրդարանի պաշտոնական կայքում այս հանդիպումից հետո տեղ գտած հաղորդագրության մեջ եւս անդրադարձ կա ԹՐԻՓՓ-ին։ «Արժեւորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական եւ աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր»։