«Նիկոլ Փաշինյանը սովորական ահաբեկչի տրամաբանությամբ է աշխատում․ պատանդ է վերցնում, ասում է՝ եկեք, բանակցեք»․ Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայաստանյան խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հանդիպումը համարեց անչափ կարևոր։

«Հիմնական խնդիրն այն է, որ կա Ալիևի կողմից պարտադրված նոր սահմանադրության ընդունման օրակարգ և այդ սահմանադրությունն իսկապես ալիևյան սահմանադրություն է, որովհետև ոչ մի բան հայտնի չէ այդ սահմանադրությունից՝ բացի այն, որ Անկախության հռչակագրին հղումը պիտի հանվի։

Մենք՝ որպես առաջնագծում կանգնած պատգամավորներ, ասում ենք ՝ մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը, բայց անչափ կարևոր է, որպեսզի նաև լայն համախոհություն ձևավորվի այս օրակարգի շուրջ, և դրա դրսևորումն այսօր տեսաք։

Իհարկե, ոչ միայն բուն սահմանադրության մասին է, ևս մի քանի օրակարգեր կան, որոնց շուրջ ձևավորվեց համախոհություն՝ չնայած տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր մտորումներով, տարբեր պատկերացումներով, այդ թվում՝ տարաձայնություններով, բայց կան հստակ օրակարգեր, որոնց շուրջ աներկբա համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև, ինչը շատ լավ է»։

Նա կոչ արեց բոլոր հանրային, քաղաքական գործիչներին համախմբվել ու իրենց ձայնը բարձրացնել, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակելու է խաղաղություն ու պատերազմ հակամարտությունն առաջ տանել՝ երևակայելով, թե ինքը բերում է խաղաղություն, մինչդեռ պատերազմ բերած ուժն է։

«Նպատակն է ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը և՛ պատերազմ բերողն է, և՛ պարտություն բերողն է և՛ նվաստացում բերողն է, բայց խաղաղություն բերող չէ հաստատ, և մենք պետք է վերջ դնենք միակողմանի զիջումներին ու թույլ չտանք, որ Ալիևի պարտադրանքով Հայաստանում սահմանադրություն ընդունվի»։

Նա նշեց՝ որքան էլ ճնշումներ գործադրեն, իրենք պինդ կանգնած են իրենց դիրքերում և կողմ չեն քվեարկի Ալիևի սահմանադրությանը։

«Ես այսօր մտածում էի՝ Նիկոլ Փաշինյանը սովորական ահաբեկչի տրամաբանությամբ է աշխատում․ պատանդ է վերցնում, ասում է՝ եկեք, բանակցեք, սա արեք, նա արեք, իսկ ահաբեկիչների հետ սովորաբար բանակցությունների մեջ չեն մտնում»։

Աննա Գրիգորյանը նաև ասաց, որ իրենց խնդիրն է լայն համախմբում ապահովել ու վերացնել ալիևյան սահմանադրությունը։

«Անպարկեշտ առաջարկություն է, որ հայ ժողովուրդը պիտի ապրի մի սահմանադրության ներքո, որը գրվում է Ադրբեջանում կամ հաստատվում է Ադրբեջանում», -ասաց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը ներկայացվելիք առաջարկի մասին էլ այսպես արտահայտվեց․ «Ինձ նայում, ասում է՝ ես այնպիսի առաջարկ կներկայացնեմ, որից դուք հաստատ չեք կարող հրաժարվել։ Նիկոլ Փաշինյանը հաստատ Ռոբերտ Քոչարյանի տեղը գիտի, չէ՞, գիտի չէ՞, որ ինքն է հրաման տվել կալանավորելու, ու ես էլ իրեն առաջարկում եմ՝ թող գնա այնտեղ, իր առաջարկը ներկայացնի»։

Աննա Գրիգորյանը բացառեց ալիևյան սահմանադրության չեզոքացման գործընթացում այնպիսի քայլերի իրականացումը, որոնք կարող են բախման բերել։

Մանրամասն՝ տեսանյութում

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցներն ամբողջությամբ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment