Ռուբեն Մխիթարյան. «Նիկոլ Փաշինյանն ինչ հիմա անում է, իր տեսանկյունից՝ ամեն ինչ ուղիղ գծով գնում է։ Բայց գծի ծայրին է հասել»

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը ՀԿԴ-ի առջեւ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր վաղ առավոտից Սամվել Կարապետյանի, ԱԺ իրենց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի եւ նրանց հետ փոխկապակցված անձանց 65 հասցեներում կատարված խուզարկություններին եւ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննարկմանը, ասաց. «Բացառիկ խուզարկությունների փոխարեն ես կասեի՝ բացառիկ շոուներ, որովհետեւ սա պարտված, պարտվող ու ապագայում եւս շատ մակարդակներում հերթական անգամ վերջնական պարտվող ու տապալվող Նիկոլ Փաշինյանի վախերի արտացոլանքն է։

Վստահ եմ, այսօր տեսել եք տնից քմծիծաղով, ժպիտով քննչական, այնտեղից դատարան եկող պարոն Կարապետյանին։ Մենք էլ այդ նույն դեմքով շարժվում ենք առաջ։ Հիմա վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր արբանյակները նստած՝ իմ այս ելույթն են նայում, տեսնում են, թե ինչ է կատարվում դատարանի բակում, տեսնում են՝ ինչ հանգստությամբ են այս ամեն ինչը տանում Սամվել Կարապետյանը, «Ուժեղ Հայաստանը»։ Ու վստահ եմ, եղունգներն են կրծում՝ նեղված, սրտնեղած։ Ու մտածում են, թե էլի ինչ անեն, որ կազմաքանդեն, կազմալուծեն։

Բայց ցավում եմ իրենց համար։ Բան չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյանը ինչպես իր ամբողջ կյանքում ու մինչեւ այսօր եղել է պարտվող, այդպես էլ մնալու է։ Իսկ Սամվել Կարապետյանը ինչպես ամբողջ կյանքում եղել է հաղթող, հայրենասեր, հայ մարդ, նույն ձեւով էլ շարունակելու է։

Կալանքը որեւէ մեկիս ոչ թուլացնելու է, ոչ ճնշելու է։ Որեւէ խնդիր չկա։ Գուցե, առավոտյան մեր տանն էլ լինեն։ Վաղը չլինեն, մի քանի օրից են գալու։ Այնպես որ, մեծ հպարտությամբ,ժպիտով, ուրախ դեմքով գնում ենք դեպի Ուժեղ Հայաստան։

Ինչից սկսվեց այս ամենը։ Եթե նախորդ տարիները մի կողմ դնենք, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդից իր ապտակը ստացել է։ Այնպես որ, այն ինչ նա հիմա անում է, իր տեսանկյունից՝ ամեն ինչ ուղիղ գծով գնում է։ Բայց գծի ծայրին է հասել»։

Տեսանյութն ամբողջությամբ

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment