Նոյեմբերի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Նեբրայի երկնային սկավառակ․ աստղային ձայներ» բացառիկ ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ Երևանում ներկայացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում ընդգրկված ավելի քան 3600 տարեկան Նեբրայի երկնային սկավառակի պաշտոնական կրկնօրինակը։
Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Պողոսյանն իր խոսքում ընդգծեց հայ-գերմանական թանգարանային համագործակցության նոր փուլը․ «Այսօր մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի պատմության թանգարանում՝ մեր մայր թանգարանում, հյուրընկալել հերթական բացառիկ իրադարձությունը, որը մեծ իրադարձություն է ընդհանրապես Հայաստանի մշակութային կյանքում։ Առաջին անգամ Եվրոպայի ամենահայտնի հնագիտական թանգարաններից մեկի ցուցանմուշի ցուցադրությունը, «Աստղային ձայներ» ծրագրի շրջանակում, երեք շաբաթով լինելու է Հայաստանում։ Սա մի նախաձեռնություն է, որտեղ կարող ենք գիտություն, արվեստ, տարբեր փորձառություններ և հենց թանգարանային ցուցադրություններ տեսնել»։
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շեշտեց մարդկության ու տիեզերքի հարատև կապն ու երկկողմ հարաբերությունների խորացումը․ «Անկախ աշխարհագրական ծագումից, պատկանելությունից կամ հավատամքից՝ տիեզերքի հանդեպ մարդկության հիացմունքն ու հետաքրքրությունը պահպանվում է առ այսօր։ Սա սահմաններ չճանաչող, համամարդկային, բառացիորեն տիեզերական թեմա է։Բացի իր բացառիկ ինտելեկտուալ արժեքից, այս ցուցահանդեսը նաև մեր կենդանի հայ-գերմանական հարաբերությունների կարևոր նշանն է»։
Գյոթե ինստիտուտի գլխավոր տնօրենը անդրադարձավ արվեստի ու գիտության միջոցով երկխոսություն ստեղծելու առաքելությանը․ ««Stellar Frequencies» («Աստղային ձայներ») նախագիծը մարմնավորում է այն ամենը, ինչ մենք ցանկանում ենք տեսնել Երևանի Գյոթե ինստիտուտի աշխատանքում՝ հետաքրքրասիրություն, բացություն, հանդիպում, փոխանակում և տեսանկյունը փոխելու համարձակություն։ Մենք նայում ենք աստղերին և դրանով իսկ խոսում ենք մեր մասին, մեր համատեղ պատասխանատվության ու ապագայի մասին։ Ինձ համար սա արվեստի ամենամեծ ուժերից մեկն է․ այն ստիպում է մեզ այլ կերպ նայել, ավելի ուշադիր լսել և նոր հարցեր տալ։ Մենք ցանկանում ենք Երևանում ստեղծել մի բաց տարածք, որտեղ Հայաստանից և Գերմանիայից մարդիկ կհանդիպեն, կսովորեն միմյանցից և միասին նորը կստեղծեն։ Այս նախագիծն իր սկիզբն է առնում Հայաստանում և այնուհետև շարունակվելու է Գերմանիայում»։
Սաքսոնիա-Անհալթի հուշարձանների պահպանության և հնագիտության պետական վարչության տնօրեն, պրոֆեսոր Հարալդ Մելլերը, ով 2002 թվականին անմիջականորեն ղեկավարել է արվեստի սև շուկայից սկավառակի վերադարձման գործընթացը, ներկայացրեց դրա հայտնաբերման դրամատիկ ու դետեկտիվ պատմությունը․ «Սկավառակի հայտնաբերման պատմությունը կարելի է պատմել որպես տիկնիկային թատրոն։ 1999 թվականին գանձագողերը սկավառակը գտել էին մետաղորսիչով։ Քանի որ նրանք գաղափար անգամ չունեին, թե ինչի հետ գործ ունեն, սկավառակի վրա առ այսօր պահպանվել են քերծվածքներ․ նրանք այն գցել էին աղբամանը և փորձել մաքրել պողպատե սպունգով։ 2002 թվականի փետրվարի բռնագրավման ժամանակ դրա հետ գտնված սրերն ու ապարանջանները կոտրված էին։ Ես ինքս գրի եմ առել այս ամբողջ կրիմինալ պատմությունը, որն արդեն մի քանի անգամ ֆիլմի է վերածվել։ Սա այնպիսի իրադարձություն էր, որն ինքս երկրորդ անգամ ապրել չէի ցանկանա»։
Պրոֆեսոր Մելլերը խոսեց նաև սկավառակի տիեզերական ու գիտական բացառիկ արժեքի մասին՝ հիշեցնելով դրա հետ կապված հուզիչ մի պատմություն․ «Հազարամյակներ շարունակ մարդիկ նայել են երկնքին, բայց մեզ համար՝ հնագետներիս համար, առեղծված է, թե ինչու մարդիկ ոչ մի տեղ երկինքն այսպես չեն պատկերել։ Եգիպտոսում կան համաստեղությունների պատկերներ, բայց երկնքի նման սառնասիրտ, գիտական պատկերում չկա ոչ մի տեղ, բացի Նեբրայի սկավառակից։ Այն պարզ տեսք ունի, բայց հիպեր-բարդ է։ Երբ ես այն ներկայացրեցի CERN-ի ֆիզիկայի մի քանի նոբելյան մրցանակակիրների, նրանք ասացին․ «Հարալդ, գիտե՞ս, սա մեզանից մեկն է արել, բայց նկատի չունենք մեր ժամանակակիցներից որևէ մեկին»։
Գերմանացի աստղանավորդ Մաուրերն ինձ դիմեց ու ասաց, որ ինքը տիեզերք է տանելու Նեբրայի սկավառակի փոքրիկ կրկնօրինակը․ մենք պլաստիկից պատրաստեցինք 2 գրամից պակաս քաշով օրինակը, և կան բացառիկ կադրեր, թե ինչպես է սկավառակը սավառնում տիեզերանավում՝ Երկիր մոլորակի ֆոնին՝ վերադառնալով իր բնական միջավայր»։
Անդրադառնալով բրոնզի դարի «գլոբալիզացիային» և հայ հնագետների հետ տարիների գործընկերությանը՝ Հարալդ Մելլերը նշեց․ «Սկավառակի վրայի ոսկին ու անագը Քորնուոլից են, պղինձը՝ Ալպերից, իսկ գիտելիքը՝ Արևելքից։ Սա ցույց է տալիս, թե ինչպես էր այն ժամանակ հոսում գիտելիքը, և ինչպես է մարդկությունը առաջ գնում, երբ աշխատում է առանց սահմանների։ Բրոնզի դարում սահմաններ չկային։ Իմիջիայլոց, մեր բրոնզեդարյան մարդը չէր կարող ապրել Բիբլոսում կամ Արևելքում՝ առանց հայկական պանդոկ գնալու ու հայկական ուտելիք ուտելու, որովհետև դա ամենալավն է։ Ես ինքս դա այսօր կեսօրին զգացի։ Հայերը դեռ այն ժամանակ ամենուր էին, որում ես բացարձակ համոզված եմ»։
Ցուցահանդեսի բացառիկ բաղադրիչներից է հայ կոմպոզիտոր Վարդան Հարությունյանի «Էնիգմատա» ձայնային ինստալյացիան, որն ուղեկցելու է սկավառակի երևանյան ցուցադրությանը։ Այն տիեզերական մի այլաբանություն է, որտեղ ձայնն օգտագործվում է որպես հիմնական արտահայտչամիջոց՝ ստեղծելով միջավայր, որը հրավիրում է այցելուներին խորհելու երկնքի ու մարդկության հարատև կապի, տիեզերական առեղծվածների և դրա շուրջ ձևավորված պատմությունների մասին։
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2026 թվականի նոյեմբերի 29-ը։
Արգինա Փահլևանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: