Եվրահանձնաժողովը նոյեմբերի 4-ին ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների վերաբերյալ ընդլայնման ամենամյա թարմացված միջոցառումների փաթեթն ու փաստաթղթերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետևում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի արագությունը նախևառաջ կախված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների ընթացքից, ինչպես նաև տնտեսական մերձեցումից և անվտանգության ու պաշտպանության ոլորտներում կոնկրետ որոշումներից։
Բրյուսելի գնահատմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններում առանձնակի հաջողությունների են հասել չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Մոլդովան և Ուկրաինան։
Ինչպես ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այս երկրների համար Եվրամիությունը պատրաստել է ճանապարհային քարտեզներ՝ 2027 թվականի գործողությունների ծրագրով։ Այս փաստաթղթերը պետք է հիմք դառնան Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հետագա բանակցությունների համար։ Մասնավորապես, խոսքը էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին է։
Ուկրաինան պետք է արագացնի բարեփոխումների տեմպը
Չնայած շարունակվող լայնածավալ պատերազմին՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինան կատարել է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգն արդյունավետ է գործում, իսկ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինները շարունակում են աշխատել անկախ։ Բրյուսելը Կիևին առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև իրականացնել ԵՄ-ի այն հանձնարարականները, որոնք վերաբերում են ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կառավարման բարեփոխումներին և երկրի ազգային փոքրամասնություններին։
Եվրահանձնաժողովն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Ուկրաինան պետք է արագացնի բարեփոխումների տեմպը՝ հասնելու իր հավակնոտ նպատակին՝ մինչև 2028 թվականի վերջ ավարտել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները փաստացի դադարեցված են
Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Մոլդովան վերջին մեկ տարվա ընթացքում կատարել է Բրյուսելի բոլոր պայմանները՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու համար։
Բրյուսելի գնահատմամբ՝ երկրին հաջողվել է ակտիվացնել օրենսդրությունը ԵՄ իրավական նորմերին համապատասխանեցնելու գործընթացը, ինչպես նաև առաջընթաց գրանցել օրենքի գերակայության ամրապնդման հարցում։ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ Մոլդովան կկարողանա պահպանել բարեփոխումների իրականացման ներկայիս տեմպերը՝ ԵՄ-ի հետ բանակցությունները 2028 թվականի սկզբին ավարտելու «հավակնոտ, բայց իրագործելի նպատակի» համար։
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը «փաստացի կասեցված է»։ Երկրի՝ թեկնածուի կարգավիճակը շարունակում է պահպանվել միայն ձևականորեն։
Բրյուսելի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները շարունակում են խաթարել ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և սահմանափակել քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունները։ Եվրահանձնաժողովը նախազգուշացնում է, որ եթե Վրաստանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը և չվերահաստատի հավատարմությունը «ԵՄ-ին անդամակցության գործընթացի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին», ապա երկիրը կկորցնի թեկնածուի կարգավիճակով պայմանավորված առավելությունները։
Այդուհանդերձ, Եվրահանձնաժողովն առանձին ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի