11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել. ի՞նչ է տեղի ունեցել

Նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի հետևանքով 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել։

«Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմեց մայրը։

ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ նշված անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, ապա նա սրճեփ սարքից կաթ է խմել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է։

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատացման պատճառը պարզելու ուղղությամբ։

Երեխային տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։

Այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղան դեռևս ամբողջությամբ չի վերականգնել հիշողությունը․ հիշում է միայն իր անունն ու ազգանունը, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։

Մարիաննա Արամյան

Leave a comment