Խորհրդային ու ռուսական զորքերն ընդդեմ հայաստանցիների․ արյունալի միջադեպերի քրոնիկոնը

Օրերս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության ու մարդկային արժանապատվության նվաստացման ենթադրյալ դեպքի մասին հայտնի դարձավ․ դրա վերաբերյալ հրապարակված տեսանյութում առերևույթ ՌԴ զինվորական համազգեստով մի խումբ անձինք հարվածում են գետնին տապալված երիտասարդին ու բղավելով ասում՝ «Գյումրին մեր քաղաքն է» արտահայտությունը, ապա պահանջում երիտասարդից, որ դա «փոխանցի իր քրոջը»:

Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հայաստանի հանրային և քաղաքական դաշտում ներկայացվել է որպես «ռազմավարական դաշնակից», «անվտանգության երաշխավոր», սակայն 2020 թվականից ի վեր ՀՀ-ի դեմ տեղի ունեցած ռազմական գործողություններն ու անվտանգային ճգնաժամերը հարցականի տակ են դրել այդ երաշխիքների արդյունավետությունը։

Սրան զուգահեռ, արտաքին անվտանգության երաշխավորի մասին խոսույթի մյուս կողմում կա մեկ այլ՝ փաստագրված իրականություն, մասնավորապես, Հայաստանի նորագույն պատմության ընթացքում խորհրդային, ապա ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները բազմիցս ներգրավված են եղել արյունալի միջադեպերում՝ սպառնալիք դառնալով ՀՀ քաղաքացիների կյանքի և ներքին անվտանգության համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է այդ միջադեպերից առավել աղմկահարույցները՝ խորհրդային ռազմական գործողություններից մինչև ռուսաստանցի զինծառայողների կատարած հանցագործություններ և անվտանգության խախտումներ, որոնք բարձրացրել են օտարերկրյա այս ռազմական ներկայացվածության պատասխանատվության ու վերահսկողության հարցերը։

ԽՄ փլուզման տարիներ․ ուժային գործողություններ և մարդկային զոհեր

1990 թվականի մայիսի 27․ խորհրդային զինվորականների կրակոցները Երևանում

1990 թվականի մայիսի 27-ին Երևանում տեղի ունեցան խորհրդային զինվորականների և հայկական զիված խմբերի միջև արյունալի բախումներ․ իրադարձությունները սկսվեցին Երևանի երկաթուղային կայարանի տարածքում, որտեղ փոխհրաձգության հետևանքով զոհվեցին հայեր։ Ավելի ուշ բախումները շարունակվեցին Էրեբունի թաղամասում և Նուբարաշեն տանող ճանապարհին։

Հայկական աղբյուրների համաձայն՝ խորհրդային զրահամեքենաները մտել են Էրեբունի թաղամաս, և զինվորականները կրակ են բացել նաև բնակելի շենքերի ուղղությամբ։

Տարբեր հրապարակումներում նշվում է, որ միայն Էրեբունու հատվածում զոհվել է 17 քաղաքացի, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ․ մայիսի 27-28-ի իրադարձությունների զոհերի ընդհանուր թվի վերաբերյալ աղբյուրները տարբեր տվյալներ են ներկայացնում։

Խորհրդային պաշտոնական վարկածով՝ զինվորականները պատասխանել են հայկական զինված խմբերի կրակոցներին․ հայկական ազգային շարժման ներկայացուցիչները, մինչդեռ, պնդել են, որ զինվորականները կրակել են նաև խաղաղ բնակիչների վրա։

Դեպքերը տեղի էին ունենում Հայաստանի անկախության շարժման ակտիվացման և խորհրդային իշխանությունների հետ հարաբերությունների սրման պայմաններում։

1991 թվական․ Ոսկեպարի ողբերգությունը և «Օղակ» գործողությունը

1991 թվականի գարնանը խորհրդային բանակի և ադրբեջանական ОМОН-ի մասնակցությամբ իրականացվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը։

Պաշտոնապես այն ներկայացվում էր որպես զինված խմբերի վնասազերծման և անձնագրային ռեժիմի ստուգման միջոցառում, սակայն գործողությունն ուղեկցվեց հայկական բնակավայրերի շրջափակմամբ, բռնություններով և բնակչության բռնի տեղահանություններով։

1991 թվականի մայիսի սկզբին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի շրջակայքում խորհրդային զինվորականների գործողությունների հետևանքով զոհվեցին 11 հայ ոստիկաններ և այլ քաղաքացիներ։
Ոսկեպարի դեպքերը դարձան խորհրդային ուժային կառույցների և հայկական կողմի միջև առճակատման ամենածանր դրվագներից մեկը։

1992 թվականի հուլիսի 11․ Գյումրիի զինված բախումը

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տեղակայված նախկին խորհրդային զորամասերի շուրջ նույնպես լարված իրավիճակներ էին առաջանում։

1992 թվականի հուլիսի 11-ին Գյումրիում ռուս զինծառայողի և հայկական իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ զինված բախում։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը կապված էր ռազմական կապի սարքավորումները քաղաքից դուրս բերելու փորձի հետ։ Իրավապահների հետապնդման ընթացքում սկսված փոխհրաձգությունը հանգեցրեց մարդկային զոհերի։

Ըստ դեպքի վերաբերյալ հրապարակումների՝ զոհվել է 11 մարդ, որոնց թվում եղել են զինծառայողներ, իրավապահներ և խաղաղ բնակիչներ․ միջադեպը լարվածություն առաջացրեց նորանկախ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։

102-րդ ռազմաբազա․ սպանություններ, կրակոցներ և անվտանգության խնդիրներ

Հայաստանի անկախությունից հետո ռուսական ռազմական ներկայությունը պահպանվեց, իսկ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան դարձավ հայ-ռուսական ռազմական համագործակցության առանցքային բաղադրիչներից մեկը։

Այդուհանդերձ, ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ մի շարք հանցագործություններ և այլ միջադեպեր պարբերաբար բարձրացրել են Հայաստանի քաղաքացիների անվտանգության, իրավապահ մարմինների իրավազորության և օտարերկրյա զինվորականների պատասխանատվության հարցերը։

1999 թվականի ապրիլի 14․ կրակոցներ Գյումրիի շուկայում

1999 թվականի ապրիլի 14-ին Գյումրիի «Լաչինի շուկա» կոչվող տարածքում, հրապարակումների համաձայն, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամենևը և Դենիս Պոպովը ինքնաձիգերով կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։

Միջադեպի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել․ աղբյուրներում զոհերի թվի վերաբերյալ կան տարբերություններ. որոշ հրապարակումներում նշվում է երեք զոհ, մինչդեռ այլ աղբյուրներում սկզբնական հաշվարկով հիշատակվում են երկու զոհ և ինը վիրավոր։

Դեպքից հետո զինծառայողները ձերբակալվել են։ Գյումրիի դատարանը Կամենևին դատապարտել է 15, իսկ Պոպովին՝ 14 տարվա ազատազրկման։

2013 թվական․ երկու երեխայի մահը՝ Վահրամաբերդում

2013 թվականին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ երկու երեխա զոհվեց պայթյունի հետևանքով․ դեպքը տեղի էր ունեցել ռուսական ռազմաբազայի օգտագործած ուսումնական տարածքում, որտեղ երեխաները հայտնաբերել էին պայթուցիկ զինամթերք։

Ողբերգությունը բարձրացրեց ռազմական տարածքների պահպանության, վտանգավոր զինամթերքի վերահսկողության և քաղաքացիական բնակչության անվտանգության հարցերը։

2015 թվականի հունվարի 12․ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները․ հանցագործության համար մեղադրվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։

Դեպքի օրը սպանվել էին ընտանիքի վեց անդամները, իսկ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիրավորումներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացավ հունվարի 19-ին։

Այսպիսով, սպանության զոհ դարձավ ընտանիքի յոթ անդամ, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա․ Պերմյակովը ձերբակալվեց հայ-թուրքական սահմանի մոտ՝ ռուս սահմանապահների կողմից և այդպես էլ չփոխանցվեց հայկական կողմին (ի հեճուկս երկկողմ պայմանագրերի)։

Սպանությունը Հայաստանում առաջացրեց հասարակական բողոքի մեծ ալիք․ Գյումրիում և Երևանում քաղաքացիները պահանջում էին, որ մեղադրյալը հանձնվի հայկական իրավապահ մարմիններին և պատասխանատվության ենթարկվի Հայաստանում։

2016 թվականին Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2017 թվականին նա տեղափոխվեց Ռուսաստան՝ պատիժը կրելու։

Պերմյակովի զինված դասալքության մասին իմանալու և հայկական իրավապահներին չհայտնելու փաստը այդպես էլ չհանգեցրեց ռազմաբազայի հրամանատարության նկատմամբ քրեական հետապնդման։

2018 թվականի հուլիս․ Փանիկ գյուղի բնակիչներին ահաբեկած զորավարժությունը

2018 թվականի հուլիսին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի զինծառայողները ռազմական վարժանք անցկացրին բնակավայրի տարածքում՝ առանց բնակիչներին պատշաճ նախազգուշացնելու․ կրակոցների և պայթյունների ձայները խուճապ առաջացրին գյուղում։
Միջադեպի հետևանքով զոհեր չեղան, սակայն այն դարձավ օտարերկրյա զինվորականների գործողությունների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության հերթական քննարկման առիթը․ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները հետագայում ներողություն խնդրեցին տեղի ունեցածի համար։

2018 թվականի դեկտեմբերի 2․ Ջուլիետա Ղուկասյանի սպանությունը

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացավ 57-ամյա Ջուլիետա

Ղուկասյանը․ սպանության գործով մեղադրվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

Գործը կրկին հասարակական քննարկումների կենտրոն բերեց ռուս զինծառայողների նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների իրավազորության, մեղադրալների պահման վայրի և քրեական պատասխանատվության ապահովման հարցերը։

Անվտանգության երաշխավորի մասին խոսույթը և անպատասխան հարցերը

Վերոհիշյալ իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում խորհրդային և ռուսական ռազմական ներկայությունն ուղեկցվել է մարդկային զոհերով, քաղաքացիական բնակչության անվտանգության խնդիրներով և զինծառայողների պատասխանատվության վերաբերյալ հարցերով։

Փաստացի, ռազմական բազայի զինծառայողների մասնակցությամբ այս բոլոր միջադեպերը տխուր օրինաչափության մաս են կազմում․ երբ խոսք է գնում Հայաստանում զինվորականների կողմից քաղաքացիականների նկատմամբ բռնության ու սպանությունների դեպքերի մասին, դրանում որպես կանոն ներգրավված են օտար՝ այս դեպքում ռուսաստանցի զինծառայողները:

Մինչդեռ, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ նման միջադեպերը գրեթե բացառություն են կազմում։ Դժվար է մտաբերել դեպքեր, երբ ՀՀ ԶՈւ զինծառայողները ծառայության ընթացքում հանրային վայրերում կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ, ներխուժել բնակիչների տներ և սպանել նրանց կամ մահվան հասցրել դաժան ծեծի միջոցով։ Սա հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով ՀՀ ԶՈւ տարբեր կայանների ու հենակետերի և քաղաքացիական բնակչության միջև շատ ավելի սերտ փոխգործակցության հանգամանքը։

 

Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment