«Ողբերգական դեպք է, ու բոլորս պետք է հետևություններ անենք։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, բոլոր դետալները կուսամնասիրվեն, և կհասկանանք իրական պատճառը։ Պարեկային ծառայության շատ նախնական գնահատականով` մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, սակայն ճանապարհին արգելակման մասին վկայող առերևույթ հետքեր չկան»,– հայտարարեց Սարգսյանը։
Նմանատիպ դեպքերից խուսափելու համար, ըստ նախարարի` պետք է շարունակեն ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, անվտանգության բաղադրիչներով կահավորանքին խիստ ուշադրություն դարձնել, իսկ տեխնիկական զննման թեման նա համարեց իրենց նախարարության ամենախոցելի թեմաներից մեկը։
«Եվ, ի վերջո, վարորդների վարքագիծն է շատ կարևոր։ Դրա համար մենք օրենսդրական նախագիծ ունենք այն մասին, որ մինչև վարորդական իրավունք ստանալը պետք է պարտադիր լինի կրթական պրոցեսը»,– հայտարարեց նա` ավելացնելով, որ անվտանգային վարման մշակույթ մեր երկրում չունենք, ու բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար։
Այդ իսկ պատճառով, ըստ Սարգսյանի` մեքենա վարելու մշակույթի փոփոխման խնդիր կա։ Սակայն այս ամենով հանդերձ, նախարարի վստահեցմամբ` այս տարի ավտովթարներից զոհերի և վիրավորների թվի նվազում կա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը` վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավտովթարի 9 զոհերից 3–ը Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։