Օրերս Կոմիտաս Պարկ բնակելի 1-ին համալիրի առաջին շենքի բնակիչները խաղաղ բողոքի ակցիա/ հանրահավաք էին կազմակերպել՝ մտահոգությամբ, որ թեև գազի խողովակները կան, սակայն բնակիչներից շատերը չեն կարողանում բնակվել համալիրում, քանի որ գազ չկա, իսկ բնակվողներն էլ, իրենց խոսքով, անմարդկային պայմաններում են անցկացնում ձմեռը։
Բնակիչների փոխանցմամբ՝ կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունն անընդհատ հետաձգում է ժամկետը, դիմել են Քաղաքաշինության կոմիտե, Գազպրոմ, սակայն գործը տեղից չի շարժվում, հարցն օդում կախված է։
Aravot.am-ը այս խնդրի հետ կապված ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պարզաբանումը։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա․ Գաբրիելյանի գրավոր պատասխանում մասնավորապես ամրագրված է․ «Մատակարար-բաժանորդ (դիմումատու) իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. №95-ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» (այսուհետ՝ ԳՄՕԿ) սահմանված կարգով, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ որպես Մատակարար ընկերություն, ելակետային տվյալների ներառմամբ տրամադրում է գազաֆիկացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ: Գրիբոյեդով փողոցի թիվ 48, 48/8 և Ն. Տիգրանյան 1-ին փակուղի թիվ 1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերություն հանդիսացող «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով 29.01.2026թ.-ին դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընկերության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, և 09.02.2026թ.-ին ներկայացվել է անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԳՄՕԿ-ով սահմանված կարգով անհրաժեշտ վճարումները կատարելու վերաբերյալ, որոնց իրականացումից հետո Ընկերության կողմից կտրամադրվեն գազաֆիկացման տեխնիկական պայմաններ: Տեխնիկական պայմանների հիման վրա՝ ոլորտի ազատականացված լինելու հանգամանքով պայմանավորված, դիմումատուի կողմից անհրաժեշտ է ՀՀ գործող նորմատիվաիրավական ակտերի պահանջների համաձայն լիցենզավորված ընկերությունների միջոցով կազմել նախագծային փաստաթղթեր, համաձայնեցնել բոլոր իրավասու կառույցների, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ: Դրանց ավարտից հետո՝ համապատասխան կառույցների թույլտվությունների առկայության պարագայում, ձեռնամուխ լինել լիցենզավորված կազմակերպության միջոցով իրականացնել գազատարների շինհավաքակցման աշխատանքները: «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից ձեռնարկվել են տարբեր նշանակության ներբակային խողովակաշարերի շինհավաքակցման աշխատանքներ, որոնց առնչվող փաստաթղթերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս չի ուսումնասիրել, իսկ տեղում տեսազննման միջոցով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կառուցված համակարգերում առկա են ՀՀ գործող նորմատիվաիրավական ակտերի պահանջների որոշակի խախտումներ: Ինչպես գազամատակարարման, այնպես էլ գազասպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման, փորձարկման, գազաթողարկման և ոլորտին առնչվող բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես ՀՀ գործող նորմատիվաիրավական ակտերի պահանջների դրույթների պարտադիր պահպանմամբ: ՀՀ գործող նորմատիվաիրավական ակտերի պահանջներն ապահովելուց հետո, Ընկերությունը սահմանված կարգով կիրականացնի գազամատակարարման ապահովման մասով իրեն վերապահված բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ Երևանում չկա մի կառուցապատող, որը դիմի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և կատարի համապատասխան վճարումը՝ միացման վճարը, որը սահմանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ և չստանա հնարավորինս մոտ վայրից գազին միանալու տեխնիկական պայման։
Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ի՞նչն է պատճառը, որ գազաֆիկացման հետ կապված խնդիրներ են ունենում ոչ միայն Կոմիտաս պարկի, այլև շատ այլ նորակառույցների բնակիչներ, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դեռևս 2021-ին այդ խնդիրն առաջացավ․ Երևանի նոր կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերը գազաֆիկացման խնդիր ունեին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիրքորոշմամբ, հիմնավորմամբ՝ գազատար խողովակները բավարար ճնշում չունեին, անհրաժեշտ էր գազատար ցանցի վերազինում, վերակառուցում: Որոշվեց, որ կառուցապատողները պետք է մասնավոր ներդրումների հաշվին իրականացնեն գազատար ցանցի արդիականացման ներդրումային ծրագիր։ Ներդրումային ծրագիրը փաստացի մեկնարկվեց 2022 թվականից՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի խորհրդի անդամներ «Արկադա Քոնսթրաքշն» ՍՊԸ և «Արտքոմփանի» ՍՊԸ կողմից, հիմնադրվեցին ինժեներինգ ՓԲԸ-ները, աստիճանաբար դրանց որպես բաժնետեր միացան նաև այլ կառուցապատողներ՝ ըստ իրենց շենքերի՝ գազատար ցանցին միանալու հրատապության: 2022-2024-ի ընթացքում կառուցվեցին Երևանը սնուցող երկու հիմնական ուղղությամբ գազատար ցանցերը՝ ընդհանուր առմամբ շուրջ 40 կմ գազատար ցանցի կառուցում։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն էլ հանձնառություն ստանձնեց ևս երկու ուղղություն ինքը կառուցել, և այս տարեվերջին արդեն շահագործման կհանձնվի Գազպրոմի կողմից կառուցվող ևս 29 կմ գազատար ցանց։ 2022-2024-ին՝ ավելի քան 230 կառուցապատող ընկերություններ միացան այդ ներդրումային ծրագրին և ձեռք բերեցին բաժնետոմսեր, և իրենց կողմից կառուցվող կամ կառուցված ավելի քան 600 բազմաբնակարան շենք ունեցավ գազամատակարարման հնարավորություն։ 2024-ի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց համապատասխան որոշում, որով սահմանվեց, որ պետք է 100 հազար դրամով գազատար ցանցերը՝ ինժեներինգ ՓԲԸ-ները, օտարեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։ 2025-ի հունվարի 1-ից սկսած՝ բոլոր կառուցապատողները, որոնք բաժնետերեր չէին հանդիսանում ինժեներինգ ՓԲԸ-ների, գազի խնդիր դեռ ունեին, դիմում էին Գազպրոմին և սահմանված միացման վճարի դիմաց ստանում գազամատակարարում»։
Գուրգեն Գրիգորյանը նաև պարզաբանեց, թե ինչու էր սահմանվել միացման վճար․ «Սահմանվեց միացման վճար, որ կառուցապատողի բազմաբնակարան շենքի՝ գազ ստանալու ֆինանսական բեռը չընկնի շարքային սպառողի գրպանը։ Այսինքն՝ մեր հայրենակիցները չկրեն սակագնի տեսքով դրա վճարման ծախսերը։ Միայն փոքրաթիվ կառուցապատողներ էին, որ դեռ 2022-2024-ին չդիմեցին ու չդարձան ինժեներինգ ՓԲԸ-ների բաժնետեր և շարունակեցին ունենալ գազի խնդիր»։ Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ չկա մի կառույց, որը դիմի Գազպրոմին և կատարի սահմանված վճարը և իր շենքը չգազաֆիկացվի․ «Այն կառուցապատողները, որոնք ասում են, որ կա խնդիր, խնդիրը մի կողմից պայմանավորված է նրանով, որ կամ չեն ցանկանում այդքան ֆինանսական բեռ կրել իրենց վրա, կատարել վճարում և ստանալ գազամատակարարում Գազպրոմից՝ համապատասխան տեխնիկական պայմանով, որը արդեն տրվում է շինհրապարակին էական մոտ վայրից, կամ տարբերակ երկու՝ փորձում են այլընտրանքային ճանապարհներ փնտրել, թե ինչպես կարող են առանց վճարում կատարելու ստանալ գազամատակարարման հնարավորություն։ Սակայն պետք է արձանագրել, որ վերջին տարիներին՝ 2022-ից սկսած, երբ ինժեներինգ ՓԲԸ-ները մեկնարկեցին իրենց ներդրումային ծրագիրը, Երևանի գազամատակարարման ցանցն էապես արդիականացավ։ Նորանկախ ՀՀ պատմության մեջ սա ռեկորդային հաջողություն էր, երբ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ջանքերով համատեղվեցին մասնավոր իրավաբանական անձինք՝ կառուցապատողները, կատարեցին ֆինանսական ներդրումներ, և դրա շնորհիվ կառուցվեցին գազատար ցանցերը։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 2022-ը առհասարակ կառուցվել է 150 հազար մետր գազատար ցանց Երևանում, այնինչ, միայն երկու տարվա ընթացքում մոտ 40 հազար կմ գազատար ցանց միայն ինժեներինգ ՓԲԸ-ների կողմից։ Իսկ Գազպրոմ Արմենիայի կողմից էլ ներկայումս կառուցվող և այս տարիներին շահագործման հանձնվող 29 հազարը միասին մոտ 70 հազար կմ է ստացվում է։ 2022-2026 ժամանակահատվածում կառուցվել է մոտ 70 հազար կմ ստորգետնյա գազատար ցանց, որը կազմում է հիսուն տոկոս վերջին 30 տարվա կառուցվածի համեմատ»։
Գուրգեն Գրիգորյանն ասաց՝ երբ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ մեկնարկեցին ինժեներինգ ՓԲԸ-ների շրջանակում ներդրումային ծրագրերը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնեց հանձնառություն, որ ինժեներինգ ՓԲԸ-ի կողմից կառուցվող գազատար ցանցերն անհատույց կընդունվեն շահագործման և կսպասարկի դա։ Սա տնտեսապես ձեռնտու էր կառուցապատողներին։ Տեխնիկապես և ֆինանսապես դժվար գործընթաց կլիներ, եթե յուրաքանչյուրն իր հերթին հիսուն հատ փոքր տրամաչափի խողովակաշարեր կառուցեին, ստանային համապատասխան քանդման թույլտվություններ, շինթույլտվություններ, այնուհետև Գազպրոմին հանձնելու գործընթացն է դժվարանելու։ Դրա համար որոշում կայացվեց, որ կառուցվի մեկ գազատար խողովակ մեկ տրամաչափի, և դրանից օգտվեն բոլոր կառուցապատողները։ Ինժեներինգ ՓԲԸ-ը ներդրումային ծրագրի կողմից կյանքի կոչված և այժմ Գազպրոմի կողմից շահագործվող գազատար ցանցը միացված է Երևանի ընդհանուր գազատար ցանցին և Երևան քաղաքի գազատար ցանցն էականորեն արդիականացված է։ Առաջիկա տարիների պահանջմունքները հաշվի առնելով՝ փաստենք, որ ամբողջությամբ կբավականացվի առաջիկա տարիների Երևանի բոլոր տեսակի պահանջմունքները։ Գազի խնդիրն այլևս Երևան քաղաքում լուծված է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: