Հասարակություն
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով 9 անձի կյանք խլած դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։
Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է չորս ավտոմեքենա, որի հետևանքով կա ինը զոհ և երեք վիրավոր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսը՝ վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտություններ, առողջական վիճակը միջին ծանրության է:
Անի Թամրազյան