ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները վերահսկողություն կստանան Ներկայացուցիչների պալատում։ Նման գնահատականներ են ներկայացրել CNN և NBC հեռուստաալիքները։
NBC-ի կանխատեսման համաձայն՝ դեմոկրատները կստանան 244, իսկ հանրապետականները՝ 191 տեղ։ Ավելի վաղ DDHQ հարթակը նույնպես գնահատականներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ դեմոկրատները մեծամասնություն կստանան Ներկայացուցիչների պալատում։ Պալատում վերահսկողություն հաստատելու համար կուսակցություններից որևէ մեկին անհրաժեշտ է ստանալ 218 տեղ։ Կոնգրեսի ստորին պալատը ներկայում վերահսկում են հանրապետականները։
ԱՄՆ-ում չկա միասնական դաշնային մարմին, որը պաշտոնապես հայտարարում է ընտրությունների արդյունքները։ Այդ դերն իրենց վրա են վերցնում խոշորագույն լրատվամիջոցները։ Նրանց կանխատեսումներից հետո թեկնածուները սովորաբար հայտարարում են հաղթանակի մասին կամ ընդունում պարտությունը։