Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 13-ին կայանալիք Կոտայքի մարզի Նոր Հաճընի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է 39-ամյա Գրիգորի Երանոսյանը։ Նա ունի բիզնես ղեկավարման փորձ, մասնագիտությամբ մունիցիպալ կառավարման մասնագետ է, ամուսնացած է, ունի չորս երեխա։
Ըստ մեր աղբյուրների, կառավարող ուժի ընտրացուցակը գլխավորելու ցանկություն ուներ նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» Նոր Հաճընի տարածքային խորհրդի նախագահ Աննա Մուրադյանը, սակայն ընտրությունը կանգ առավ Երանոսյանի թեկնածության վրա։
Ի դեպ, Նոր Հաճընում թեժ ընտրապայքար է սպասվում։ Առաջադրվելու է նաեւ գործող համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը։ Հիշեցնենք, որ 2021թ․-ի դեկտեմբերին նա ընտրվել էր «Գագիկ Մաթեւոսյան» կուսակցությունների դաշինքով, որը կազմել էին Քրիստոնեա-ժողովրդավարական ու «Վերոկազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունները։ 17 տարի է, ինչ Նոր Հաճըն ղեկավարում է Գագիկ Մաթեւոսյանը, իսկ 2019-ին նա ընտրվել էր Նոր Հաճընի քաղաքապետ՝ ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, քաղաքական ուժերն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ԸԸՀ կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 8-ը, ժամը 18․00-ն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: