Փաշինյանը ԵԽ-ի նախագահի հետ քննարկել է Հայաստանին տրամադրվող ԵՄ առևտրային արտոնությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպմանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային գործընթացները, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերը:

Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Մեցոլան, իր հերթին, վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։

Առևտրային արտոնությունների մասին

2026 թվականի հոկտեմբերի 10-ից ԵՄ-ում Հայաստանի համար գործում է երկամյա արտոնյալ առևտրային ռեժիմ, որը նախատեսում է հայկական ծագման մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի վերացում․ դրանք ընդգրկում են դեպի եվրոպական շուկա հայկական արտահանման շուրջ 80%-ը։

ԵՄ Խորհրդի կողմից սեպտեմբերի 24-ին հաստատված որոշումն ուղղված է հայկական տնտեսության աջակցմանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը։ Արտոնությունների կիրառումը կախված է ԵՄ սահմանած պայմանների պահպանումից, ներառյալ ապրանքների ծագման կանոնները։

ԱՌԿԱ

Leave a comment