Փոխգնդապետը՝ իրավապահների ուշադրության տիրույթում․ ի՞նչ տեղեկանք է նա ներկայացրել

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 445 հոդվածի 1-ին մասի, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և 457 հոդվածի 1-ին մասի, այն է՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը» հատկանիշներով։

Արթիկի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում բարձր պաշտոն զբաղեցնող փոխգնդապետ, որը կասկածվում է ՀՀ կառավարության 2014 թվականին ընդունված «Դրամական օգնություններ տալու կարգի, չափերը և պայմանները սահմանելու մասին» որոշման դրույթները խախտելու մեջ։

Նա, ըստ քրեական վարույթի, զորամասի ֆինանսական բաժանմունք է ներկայացրել իր կնոջ՝ հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստանալու մասին կեղծ բովանդակությամբ տեղեկանք և ստացել 493 հազար 376 դրամ գումար։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 445 հոդվածը, որը կոչվում է «Պաշտոնեական կեղծիք», բավական խիստ պատիժ է նախատեսում, ընդհուպ մինչև պաշտոնից կամ որոշակի գործունեության իրավունքից զրկումը։ Առաջին մասը նախատեսում է՝

«Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 457 հոդվածը, որը կոչվում է «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը», սահմանում է հետևյալ պատիժը՝

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց կազմակերպության, առևտրային կամ այլ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, աուդիտորի կամ փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու համար լիազորված այլ անձի կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment