Արգելվել է Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից․ փաստաբան

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը։ Այս մասին փոտրվարի 14-ին սոցցանցի իր էջում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Դատարանն որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):

Հունվարի 31-ին  արգելվեց մի շարք բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից՝ հունվարի 31-ին որպես մեղադրյալ Քննչական կոմիտե էին հրավիրվել Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին։ Եպիսկոպոսները մեղադրվում են նույն գործով՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։

Երեկ՝ փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր որ ժողովը «կաթողիկությունը Հայաստանից դուրս տանելու փորձ է» և ասել էր, որ «կզգան զգուշացումները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 16-19-ին եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննարկելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։

The post Արգելվել է Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից․ փաստաբան appeared first on CIVILNET.

Leave a comment