Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար դատավոր Մանուկյանին հայտարարվել է նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նկատողություն հայտարարել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ։

ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը՝ դատավորի նկատմամբ կիրառելով կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն, հայտնում է «Փաստինֆոն»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արդարադատության նախարարությունը Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնել։ Դրա համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդումը։

Նախարարության պարզաբանմամբ՝ քրեական գործերից մեկի, մասնավորապես Արշակ սրբազանի գործի նախնական դատալսումների ընթացքում դատավորը որոշում է ընդունել բավարարելու իր բացարկը։ Որպես այդ որոշման հիմնավորում՝ Մանուկյանը մատնանշել է այն հանգամանքը, որ քրեական վարույթը 2018 թվականին նախաձեռնվել և քննվել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում, որտեղ ինքը 2008-2020 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում։

Բացի այդ, գործի նյութերում առկա է եղել պաշտոնեական անփութության հատկանիշներով առանձին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որոշում։ Այն առնչվել է տվյալ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացման հանգամանքներին։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է նաև դատավորի նախկին մասնագիտական կապերին և դրանց հնարավոր ազդեցությանը նրա անաչառության վերաբերյալ ընկալումների վրա։

«Միաժամանակ, 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու տարիներին դատավորը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել գործով հանրային մեղադրողի հետ, թեև դատավորը չի մասնակցել քրեական գործով նախաքննությանը և թմրամիջոցի անհետացման հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, և նշված հանգամանքների ամբողջությունը դատավորին չի խոչընդոտում գործով անաչառ և անկողմնակալ լինելուն, սակայն դատավորի գնահատմամբ՝ դրանք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ»,- նշել էր ԱՆ ներկայացուցիչը։

Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորը բացարկի որոշումը հիմնավորել է այնպիսի փաստարկներով, որոնք չեն բխում գործող իրավական կարգավորումներից։

Լիազոր մարմինը պնդել է, որ այդ կերպ Մանուկյանը հրաժարվել է իր իրավասության ներքո գտնվող քրեական գործի քննությունից, ինչը չեզոք դիտորդի տեսանկյունից կարող էր դիտարկվել որպես արդարադատության իրականացումից խուսափելու փորձ։

Նախարարության դիրքորոշմամբ՝ դատավորի կողմից բացարկի միջոցով գործի քննությանը չմասնակցելը բացասաբար է անդրադարձել դատական համակարգի անկախության և անկողմնակալության նկատմամբ հասարակության վստահության վրա։

Գևորգ Մանուկյանը, իր հերթին, չի ընդունել իրեն վերագրվող կարգապահական խախտումները և ներկայացրել է հակառակ հիմնավորումներ։

Դատավորը պնդել է, որ արդարադատության նախարարի միջնորդության մեջ ամբողջությամբ չեն արտացոլվել իր կայացրած բացարկի որոշման հիմքերը։ Նրա գնահատմամբ՝ լիազոր մարմինը որոշ փաստարկներ առանձնացրել և ենթարկել է այլընտրանքային մեկնաբանության, ինչի հետևանքով հանգել է սխալ եզրակացությունների։

Մանուկյանը հատկապես կարևորել է այն տարբերությունը, որ իր որոշման հիմքում դրվել է ոչ թե պարզապես տվյալ քրեական գործի նախաքննության ժամանակ Արմավիրի մարզային քննչական վարչությունում աշխատելու փաստը, այլ այդ նույն վարչության քննիչների հնարավոր պաշտոնեական անփութության վերաբերյալ քրեական վարույթի առկայությունը։

Դատավորի պարզաբանմամբ՝ խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ իր քննությանը հանձնված գործով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցն անհետացել է, և դրա առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քննչական վարչության աշխատակիցների հնարավոր անփութության հատկանիշներով։ Նրա համոզմամբ՝ այս հանգամանքը սկզբունքորեն տարբերվում է նախարարության միջնորդության մեջ ներկայացված ձևակերպումից։

Մանուկյանը շեշտել է, որ նշված տարբերությունն էական նշանակություն ունի, քանի որ լիազոր մարմնի հետագա իրավական վերլուծություններն ու եզրահանգումները հիմնվել են հենց այդ հանգամանքի վերաբերյալ ներկայացված գնահատականի վրա։

Դատավորն անդրադարձել է նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ապացուցողական պահանջներին։

Նա ընդգծել է, որ երբ Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանն է ներկայացվում դատավորի պաշտոնեական գործողությունների կամ դատական իշխանության հեղինակությունը վնասելու ենթադրյալ վարքագծի վերաբերյալ հարց, լիազոր մարմինը պարտավոր է ներկայացնել ծանրակշիռ և հիմնավոր փաստեր։

Մանուկյանի դիրքորոշմամբ՝ նման դեպքերում կարգապահական պատասխանատվության հարցը չի կարող հիմնվել միայն ենթադրությունների կամ հնարավոր մեկնաբանությունների վրա։

Չնայած դատավորի ներկայացրած առարկություններին և հիմնավորումներին՝ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարելով նկատողություն։

Leave a comment