Անաստաս Իսրայելյան. «Արցախի ներկայացուցչությունում ստեղծվում է հանձնաժողով, որը զբաղվելու է անօրինական, կոռուպցիոն ֆինանսական հոսքերի բացահայտումով»

Անաստաս Իսրայելյանը, որը Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական, իրավական եւ բնակարանային խնդիրների բարձրացմամբ զբաղվող «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արցախի ներկայացուցչությունում լինելու է հանդիպում-քննարկում, որի ընթացքում ստեղծվելու է հանձնաժողով։

«Այդ հանձնաժողովը շատ կարեւոր գործ է իրականացնելու, որի ընթացքում բացահայտվելու են բոլոր ֆինանսական հոսքերի անօրինական, կոռուպցիոն եւ այլ հարցերը։ Եկել է ժամանակը, որ դրան էլ պետք է վերջակետ դրվի։ Հանձնաժողով ստեղծելու նպատակն այն է, որ այս իրավիճակում ինչ գործ արվում է, պետք է արձանագրենք արդյունքներով ու դրանից պետք է օգտվի ծանր իրավիճակում հայտնված ժողովուրդը։

Ես անձամբ իմ պատասխանատվության շրջանակներում լինելու եմ թափանցիկ, արդար, նվիրված՝ հանուն իմ արժանապատվության։ Ես ուզում եմ՝ ամեն մի ներգրավված մարդ առաջնորդվի այդ արժեքներով, որովհետեւ առանց դրա մենք երբեւէ որեւէ դրական արդյունք չենք ունենա։

Բոլորին հրավիրում եմ՝ ովքեր ունեն հարցեր, ում ձեռքի տակ կան լուրջ փաստաթղթեր, ներկա գտնվեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում, որը գտնվում է Նաիրի Զարյան 17/2 հասցեում։

Դրանք այն հարցերն են, որոնք մեր՝ արցախահայության շրջանակներում պետք է միասնական լուծումներ ստանան, ու մենք լինենք պահանջատեր։ Արդարությունը պետք է վերականգնվի։ Ես այս նախաձեռնությունը հենց սրա համար եմ սկսել։ Ու այս ընթացքում էլ կտեսնենք՝ ովքեր են արձագանքում հայրենասիրություն, արդարություն, արժանապատվություն բառերի շուրջ սպեկուլյանտություն անում»,-ասաց Անաստաս Իսրայելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment