Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

Հանքարդյունաբերության ու դրա աջակից ոլորտների 15 ընկերություններ 2026 հունվար-սեպտեմբերին վճարել են ընդհանուր 125․2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ մոտ 52 %-ով ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ սա 1000 խոշոր հարկատուների վճարած ամբողջ գումարի 7․6 %-ն է։

Սակայն, ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, խոշոր հարկատուների ցանկում հայտնված հանքարդյունաբերող ոլորտի ոչ բոլոր ընկերություններն են պետբյուջե մուտքերն ավելացրել, մասնավորապես՝ «Թեղուտ» ընկերությունը նշված ժամանակահատվածում 11․6 %-ով պակաս հարկեր ու տուրքեր է վճարել, «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը՝ 0․7 %-ով, «Լեռ-Էքս»-ը՝ 4․2 %-ով։

2025-ի տարեվերջից խոշոր հարկատու է դարձել նաև Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Ընդ որում՝ 2025-ի առաջին 3 եռամսյակների արդյունքներով այն դեռևս խոշոր հարկատու չէր, իսկ 2025-ի տարեկան արդյունքներով վճարել է մոտ 541 մլն դրամ հարկեր և տուրքեր։ 2026-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ «Լիդիան Արմենիա»-ի վճարումները պետբյուջե հասել են 1․3 մլրդ դրամի։

Նկատենք, որ 2026-ին խոշոր հարկատու է դարձել նաև «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ընկերությունը, որը «Լիդիան Արմենիա»-ի գործընկերն է։ Այն հիմնադրվել է 2025 թվականի ապրիլին, իսկ 2026-ի ապրիլինի ՀՀ կառավարությունից ստացել է 3․7 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա»-ի համար սարքավորումներ ներմուծելու նպատակով։ «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս»-ի սեփականատերը պորտուգալական «Մոտա-Էնժիլ, Էնժենյարիա Է Կոստրուսաո Աֆրիկա» Ս.Ա․ ընկերությունն է։

Նկատենք նաև, որ 1000 խոշոր հարկատուների ցանկից 2026-ին դուրս է մնացել «Վալեքս գրուպին» պատկանող Լեռնամետալուրգիայի ինստիտուտը։ 2025-ի ընթացքում այն պետբյուջե էր վճարել 432․3 մլն դրամ հարկեր և տուրքեր։

 

Գայանե Խաչատրյան

Leave a comment