Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն։ «Փաստինֆո» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, որը հարուցվել էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման հիման վրա։

Արդարադատության նախարարության ներկայացուցչի պնդմամբ՝ նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ գործը 2018 թվականին քննվել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում, որտեղ ինքն աշխատել է 2008-2020 թվականներին։ Բացի այդ, վարույթում առկա է եղել քննիչների անփութության վերաբերյալ քրեական վարույթ՝ որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացման փաստով։ Լիազոր մարմինը գտել է, որ դատավորը, հիմնվելով օրենսդրությունից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է գործի քննությունից, ինչն ընկալվել է որպես արդարադատության իրականացումից խուսափում։ Դատավոր Գևորգ Մանուկյանը, սակայն, չի համաձայնել մեղադրանքներին՝ ընդգծելով, որ ԱՆ-ն ոչ թե ծանրակշիռ փաստեր է ներկայացրել, այլ սխալ ու այլընտրանքային գնահատման է ենթարկել իր որոշման հիմքերը, ինչն էլ հանգեցրել է սխալ հետևությունների։ Այդուհանդերձ, ԲԴԽ-ն որոշում է կայացրել բավարարել միջնորդությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment