Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՊՀ անդամ պետությունների միջև դատական ակտերի, ինչպես նաև այլ լիազոր մարմինների և պաշտոնատար անձանց որոշումների հարկադիր կատարման ընթացքում տեղեկատվության փոխանակման հարցում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման օրենքը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսի 13-ին։ Այն, մասնավորապես, սահմանում է կատարողական վարույթների, պարտապանի գույքային դրության և աշխատավայրի, նրա գույքի գտնվելու վայրի, բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, տրանսպորտային միջոցների, առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասերի և այլ ակտիվների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունների փոխանակման կարգը։

Համաձայնագրի նպատակն է ամրապնդել ԱՊՀ տարածքում հարկադիր կատարման մարմինների համագործակցության միջազգային իրավական հիմքերը։ Այս փաստաթղթի համաձայն՝  Ռուսաստանը կկարողանա  համաձայնագրի անդամ երկրներից տեղեկություններ ստանալ իր քաղաքացիների աշխատավայրի, գույքի գտնվելու վայրի, բանկային հաշիվներում առկա միջոցների, տրանսպորտային միջոցների, ընկերություններում ունեցած բաժնեմասերի և այլ ակտիվների վերաբերյալ։

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Միաժամանակ,Բելառուսը, Ղազախստանը և Ուզբեկստանը վերապահումներ են արել համաձայնագրի մասնակի կիրառման վերաբերյալ։ Բելառուսը համաձայնել է պարտապանների բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել սահմանափակ ծավալով՝ միայն հաստատելով Բելառուսի տարածքում գործող բանկերում և այլ վարկային կազմակերպություններում նրանց հաշիվներում, ավանդներում կամ պահպանության հանձնված միջոցների առկայության փաստը։ Միաժամանակ, տեղեկություններ չեն տրամադրվելու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների անվանումների, հաշիվների համարների և այլ տվյալների, ինչպես նաև հաշիվներում ու ավանդներում առկա գումարների չափի վերաբերյալ։

Ղազախստանը վերապահմամբ պահպանել է պարտապանի՝ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվներում, ավանդներում կամ պահպանության հանձնված դրամական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավունքը՝ այնքանով, որքանով դա չի հակասում հանրապետության օրենսդրությանը։

Ուզբեկստանն իր հերթին համաձայնություն է հայտնել համագործակցել դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում տեղեկատվության փոխանակման հարցում։ Միաժամանակ հայտարարել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ չի կիրառի այն կատարողական փաստաթղթերի նկատմամբ, որոնք տրվել են դատական համակարգի մեջ չմտնող լիազոր մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, ինչպես նաև նոտարական վավերացում ստացած փաստաթղթերի նկատմամբ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment