Քաղաքականություն
03.11.2026 | 11:22
Լույս նոյեմբերի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին։ Հարձակումից հետո ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել։ Astra-ի փոխանցմամբ՝ ականատեսների լուսանկարներում և տեսանյութերում երևում է առնվազն յոթ օջախ՝ հինգ խոշոր և երկու փոքր, գրում է Meduza-ն։
Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքը, երկու աշխատակից բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրա փոխանցմամբ՝ խոցված անօդաչու սարքերի բեկորներից վնասվել են մի քանի բազմաբնակարան և առանձնատների պատուհաններ, ինչպես նաև ավտոմեքենաներ։
Ռուս զինվորականները հետ են մղել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը։ «Ընդհանուր առմամբ՝ 124 անօդաչու սարք»,- հայտարարել է Միխայիլ Եվրաևը։
«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը հզորությամբ Ռուսաստանում հինգերորդն է։ Այն կարող է տարեկան վերամշակել մինչև 15 միլիոն տոննա նավթ։ Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։
ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ոչնչացրել են 856 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի