Անուղղակիորեն բռնագանձման ենթակա գույք եք համարում պաշտոնավարումից առաջ ձեռքբերված գույքը։ Այդ պարագայում դա ի՞նչ կապ ունի կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ. Հայրապետյանի պաշտպան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքի անդամներին վերաբերող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը բարձրացրեց դատախազության ներկայացրած հայցադիմումում առկա էական հակասությունների հարցը։

 

«Հարցեր կան բաժնետոմսերի ձեռքբերման հետ կապված։ Ինչպե՞ս է ապօրինի մասը գերազանցում ձեռքբերման արժեքը։ Նշված է ձեռքբերման արժեքը՝ 239 մլն դրամ, որից 1 մլն 387 հազար դրամը՝ օրինական միջոց, իսկ 454 մլն 587 հազար դրամը՝ ապօրինի մաս»,- հանրային մեղադրողին հարցրեց պաշտպան Վահագն Դալլաքյանը։

Փաստաբանը մատնանշեց նաև Հայրապետյաններին վերագրվող օրինական և ապօրինի գումարների անհամապատասխանությունը.

«Նշված է 45 մլն 461 հազար դրամի ծախս, 22 մլն դրամ՝ օրինական և մոտ 45 մլն 438 հազար դրամ՝ ապօրինի մաս։ Նույն ձեռքբերման մասին է խոսքը, բայց թվերը տարբեր են»։

Դալլաքյանն արձանագրեց, որ բաժնեմասերի ձեռքբերման դեպքում դատախազությունը ծախսերը հաշվարկել է անվանական արժեքով, մինչդեռ օտարման դեպքերում, երբ տվյալներ չի ունեցել, եկամուտը զրո է հաշվարկել։

«Այդ պարագայում ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվել բաժնեմասի օտարման դեպքում։ Եթե տվյալներ չկան, գոնե կիրառեք անվանական արժեքը»,- նշեց պաշտպանը։

Հանրային մեղադրողը պատասխանեց, որ գործ ունեն տարբեր իրավիճակների հետ։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում առաջնորդվել են կառավարության որոշմամբ, որով սահմանվում է բաժնետոմսի անվանական արժեքը, իսկ որոշ դեպքերում հաշվարկը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ օտարման վերաբերյալ տվյալներ չեն եղել։

Պաշտպանը չհամաձայնեց այդ պարզաբանմանը՝ նշելով, որ տվյալ դեպքում կառավարության որոշումը էական նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ ցանկացած ՍՊԸ-ի բաժնեմասերն ունեն անվանական արժեք, որը կարելի է տեսնել կանոնադրությունում։

Պաշտպանը նաև հստակեցրեց ՝ ճի՞շտ է արդյոք հասկանում, որ բոլոր գործարքների մասով Հայրապետյանների ընտանիքը դիտարկվել է որպես մեկ տնտեսական միավոր, և նրանց ծախսերն ու եկամուտները հաշվարկվել են միասին։

Դատախազը պատասխանեց, որ ընտանիքը դիտարկվել է «մեկ զամբյուղով»։

Այնուհետև պաշտպանը հարցրեց արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանի հոր եկամուտները, դրանց հիմնավորման դեպքում, կարող են հիմք ծառայել որդու կատարած ծախսերը հիմնավորելու համար։

Դատախազը պատասխանեց, որ կան ձեռքբերումների վերաբերյալ տվյալներ, որոնք իրականացրել է Ռուբեն Հայրապետյանի հայրը, սակայն իրավիճակները կարող են տարբեր լինել։ Մասնավորապես, կարող են լինել դեպքեր, երբ գույքի ձեռքբերման համար հոր միջոցները չեն օգտագործվել։

«Պայմանական կարող ենք տեսնել, որ անկանխիկ գործառնություններով ինչ-որ փոխանցումներ են իրականացվել։ Փոխանցումը տվյալ պահին իրականացվել է կոնկրետ անձի հաշվեհամարից, և այդ պահին դիտարկվում է կոնկրետ հաշվեհամարը։ Այդ դեպքում միջոցները մաշեցվելու են այն հաշվեհամարի գումարներից, որտեղ եղել են այդ գումարները»,- պարզաբանեց դատախազը։

Ի պատասխան՝ պաշտպանը հետաքրքրվեց, թե այդ պարագայում ինչ ապացույցներ են անհրաժեշտ դատախազությանը, որպեսզի ընտանիքի անդամներից մեկի օրինական եկամուտը հիմք ծառայի մյուս անդամի կատարած ծախսերը հիմնավորելու համար։

«Ներքին շարժե՞րն էլ, ըստ ձեզ, պետք է ապացուցվեն, որ հայրը որդուն փող է տվել»,- հարցրեց պաշտպանը։

Դատախազը պատասխանեց, որ գույքի ձեռքբերումից առաջ կամ հետո ընկած ժամանակահատվածում համապատասխան մուտքեր չեն արձանագրվել, սակայն միաժամանակ արձանագրվել է, որ տվյալ անձն ունեցել է գույքի ձեռքբերում։

Պաշտպանը նաև նկատեց, որ դատախազության հայցադիմումում ուսումնասիրության ժամանակային երկու սահման է նշված՝ 1999 թվականից հետո ընկած ժամանակահատվածը և 1996 թվականը, երբ Ռուբեն Հայրապետյանը ստանձնել է Ավան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Պաշտպանի խոսքով՝ խնդիրն այն է, որ դատախազությունը իրավական գնահատական է տվել նաև մինչև պաշտոնավարումը ձեռք բերված գույքին՝ այն համարելով ապօրինի։

«Ձեր գնահատած ապօրինի ձեռքբերումները չեք կիրառում ծախսերում…Մենք խնդիր չունենք, որ պաշտոնավարման սկզբի դրությամբ գնահատվի, թե անձը կամ ընտանիքը ինչ գույքային զանգված է ունեցել։ Դա հասկանալի է հետագա հաշվարկի տեսանկյունից։ Մեր խնդիրն այն է, որ նախկին ժամանակահատվածի ձեռքբերումներին իրավական գնահատական է տրվում, ինչը հանգեցնելու է Սահմանադրական դատարանի որոշման հետ լուրջ հակասության։ Չի՞ ստացվում արդյոք, որ դուք անուղղակիորեն բռնագանձման ենթակա գույք եք համարում պաշտոնավարումից առաջ ձեռքբերված գույքը։ Այդ պարագայում դա ի՞նչ կապ ունի կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ»,- հարցրեց պաշտպանը։

Դատախազը հակադարձեց, որ դրանք պաշտպանական կողմի փաստարկներն են, որոնց պետք է գնահատական տա դատարանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment