Նոյեմբերի 2-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» 32-րդ ամենամյա միջազգային մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունը։ Միջոցառումը համախմբել էր գիտության, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչների՝ գնահատելու ազգային մշակույթի տարածման գործում նշանակալի ավանդ ունեցող ստեղծագործողներին։
Այս տարի «Գրականություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսիացի գրող Անրի Կյունին՝ «Մահ գոյություն չունի» վեպի համար։
Հատուկ այս միջոցառման համար Ֆրանսիայից ժամանած հեղինակ Անրի Կյունին իր ելույթում նշեց․
«Վահան Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից ինձ ուղղված հրավերը՝ մասնակցելու այս ամենամյա գրական հանդիպմանը, ինձ համար միաժամանակ մեծ անակնկալ էր և մեծ պատիվ… Մենք նույնիսկ ունեցել ենք որոշ զուգահեռ զբաղմունքներ. բանաստեղծն եղել է տնօրեն մի հաստատության, իսկ ես ինքս Հայաստանում իմ առաքելության ընթացքում երջանկություն եմ ունեցել հիմնելու Ֆրանսիական համալսարանը՝ ՀՖՀՀ-ն»։
«Հայագիտություն» անվանակարգում մրցանակի է արժանացել պատմաբան Արտակ Մաղալյանը՝ «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ.» մենագրության համար։
«Գրքի հիմնական մեսիջն այն է, որ Արցախի մելիքությունների տիրակալներին հաջողվեց շուրջ ավելի քան երկու դարերի ընթացքում պահպանել իրենց երկրամասի հայկականությունը, դա կարևոր դաս է մեզ համար, և ինձ թվում է՝ ես գրքով այդ ազդակը ներկայացրել եմ մեր հանրությանը և ընթերցողներին»,- մեզ հետ զրույցում նշեց Մաղալյանը։
«Առավոտի» այն հարցին, թե արդյոք նախատեսվում է գրքի թարգմանությունը այլ լեզուներով, հեղինակը հավելեց․
«Այո՛, նախատեսվում է, ընթանում է, ես պայմանագրեր ունեմ թարգմանության համար և իրականացվում է։ Կլինի ռուսերեն, և հավանական է նաև պարսկերեն առաջիկայում»։
«Կերպարվեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ «Լռության ռիթմեր» գեղանկարի համար։ Նկարիչ Սուրեն Սաֆարյանը մեզ պատմեց կտավի ստեղծման մասին․
««Լռության ռիթմեր» վերնագիրը կրող այս կտավը, որը նվիրված է թե՛ շարքին, թե՛ այս նկարին, բնության փոխակերպումն է՝ թե ինչպես եմ ես տեսնում բնությունը։ Այն բնությունը, որը առաջին հայացքից ակնհայտ չի երևում, փորձում եմ մասշտաբները մեծացնելով, ավելի վերացական ձևերի միջոցով ներկայացնել»։
Առաջին անգամ հանձնված հատուկ մրցանակին՝ հայապահպանության, ազգային արժեքների տարածման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար, արժանացել է «The Armenian Mirror-Spectator» թերթը։ Թերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը նշեց․
«Մեր թերթը 1932 թվականին սկսվեց, երբ երկու թերթ կային՝ «Mirror» և «Spectator»… Այն ժամանակ մարդիկ հասկացան, որ իրենց հոգով և սրտով հայ են, բայց անգլերեն գրել-կարդալ են իմանում, հայկական դպրոց չկա։ Ուրեմն, այն ձևն ենք գտել, որ իրենց հին երկրի, նոր երկրի մասին հասկանան և սովորեն նոր երկրի լեզվով»։
Միջոցառման ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Գևորգ Տեր-Ղազարյանի «Շուշի. Անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի չորրորդ մասը։
Արգինա Փահլևանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: