«Մենք չենք դադարեցնում հուղարկավորության նպաստների վճարումը, այլ դրանք դարձնում ենք հասցեական, և օգնությունը կտրամադրվի բնակչության անապահով խավերին՝ նպաստառուներին»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի, սոցիալական ապահովության եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Հայաստանում, ի դեպ, նպաստ ստացողների թիվն այս պահին 33 հազար ընտանիք է։
Լրագրողների՝ տարբեր դիտարկումներին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ իրենց իշխանությունը 8 տարվա ընթացքում 8 անգամ բարձրացրել է կենսաթոշակի չափը, այդ թվում՝ հետվճարի ներդրման հաշվին։
2028-ից էլ, իր հավաստմամբ, 680 հազար մարդու կենսաթոշակի չափը կբարձրանա․ «Մենք խոստացել ենք և մտադիր ենք 2028 թվականից իրականացնել կենսաթոշակների ինդեքսավորման ծրագիր՝ հաշվի առնելով գնաճը։ Դա կարվի կա՛մ հետվճարի միջոցով, կա՛մ ուղղակիորեն, որպեսզի կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր չլինի»։
Արսեն Թորոսյանը ուշադրություն է հրավիրում բյուջեի հատկացումներին կենսաթոշակների մասով․ կենսաթոշակների վճարման համար արդեն հատկացվել է նախատեսվածից 90 միլիարդ դրամով ավելի, իսկ հաջորդ տարի կուղղվի 120 միլիարդ դրամով ավելի․ «Մենք նախատեսում ենք երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը։ Եթե կենսաթոշակի չափի մասով փոփոխություններ էլ լինեն, ապա դրանք կլինեն բարձրացման ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ Հայաստանում 572 հազար կենսաթոշակառու հետվճար է ստանում, մինչդեռ տարեսկզբին այդ ցուցանիշը 415 հազար էր, այսինքն՝ աճը կազմել է 170 հազար։ Հետվճարի միջին չափը կազմել է 8200 դրամ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: