«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա․ Արամ Վարդեւանյան

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը կարծում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռանա, քանի որ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը չեն կարողանում ստորագրել․ այս մասին նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ելնելով նրանից, որ այս դիսկուրսը բացվել է և, փաստորեն, արդեն հասարակությունը տեղեկացել է, որ խաղաղության հետ կապված նույնիսկ նվազագույն շեմը բավարարող հստակություն դեռ չկա, որ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ձև չունեն հիմա ստորագրելու, որովհետև Ադրբեջանը նախապայման ունի, ավելին՝ ստորակետ դնեմ՝ փաստորեն նախապայմաններ ունի, որ այդ պատասխանը չեն կարողանում տալ, ես կարծում եմ՝ ժողովրդավարական տրամաբանությունը կլիներ, որ այս իշխանությունները այդ ամենը ներկայացնելով հանդերձ պարզապես հեռանային»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվել էին՝ ընդդիմադիր ուժերը պատրա՞ստ են քննարկել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որը, ըստ նրա, այնպիսինն է լինելու, որից ընդդիմությունը հրաժարվել չի կարողանալու։

«Այո՛, խաղաղություն պետք է հայ հասարակությանը, այո՛, պետք է այս տարածաշրջանում լինի խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է լինի իրական, չպետք է լինի զիջումների հաշվին։ Հայ հասարակությունը, կարծում եմ, առավել քան բավարար, մի բան էլ ավել, մի բան էլ ողբերգական զիջումներ արդեն ունեցել է»,- ասաց Արամ Վարդեւանյանը՝ հիշեցնելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ վաշինգտոնյան համաձայնություններում նոր Սահմանադրության հարց չի քննարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment