Շանտաժը, կալանավորումների նոր ալիքը չեն կարող ստիպել ընդդիմադիրներին կողմ արտահայտվել Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ իշխանության բռնաճնշումները չեն կարող փոխել ընդդիմության դիրքորոշումը Սահմանադրության հարցում․

«Սահմանադրության մասին.

Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը  որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն»։

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, որոնք այսօր Հայաստանի խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևապես՝ ալիևյան հերթական պահանջը կատարելու մանդատ։

Ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքների մասին.

Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը։

Պատանդառությունները, ձերբակալությունները, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները, այդ թվում նաև կալանավորումների կանխատեսելի նոր ալիքը, միայն կարող են ամրապնդել ընդդիմադիրների վճռականությունը՝ «ո՛չ» ասելու Փաշինյանի և Ալիևի սահմանադրությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի և Փաշինյանի ցանկացած երաշխիքի՝ դրանք ունեն զրո նշանակություն։

Հիշեցնենք՝ 2022 թ. մարտին Փաշինյանը հայտարարում էր՝ եթե Արցախի բանակցություններում իջեցնենք նշաձողը, կերաշխավորենք Արցախի ժողովրդի անվտանգությունը և այդ հարցի շուրջ կապահովենք միջազգային կոնսոլիդացիա։

Դրանից 6 ամիս հետո վերջինս Իլհամ Ալիևի հետ ապահովեց Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը։

Ուստի ստեղծված իրավիճակում ընդդիմության պատմական դերակատարությունը շարունակում է մնալ հետևյալը՝ ամուր կանգնել միակ ճշմարիտ դիրքում, «ո՛չ» ասել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ փաթեթին՝ Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը, անկլավների անվան տակ տարածքային նոր զիջումներին։

Եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի»:

Leave a comment