Դատարանը Վանո Սիրադեղյանի ներկայացուցչի պաշտպան Տիգրան Եգորյանի բացակայությունը գնահատեց անհարգելի

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ Վանո Սիրադեղյանի ներկայացուցչի՝ նրա որդի Խաչատուր Սիրադեղյանի եւ նրա փաստաբան Տիգրան Եգորյանի չներկայանալու պատճառով։

Դատավոր Դոլմազյանը նշեց, որ մի շարք դեպքերում, փաստաբանի բացակայության պայմաններում, հաշվի առնելով ամբաստանյալի ներկայացուցչի ներկայությունը՝ դատական նիստերը շարունակվել եւ ապացույցները հետազոտվել են։ Սակայն երբ Վանո Սիրադեղյանի ներկայացուցիչը ներկա չէ, պաշտպանի ներկայությունը դառնում է պարտադիր, որովհետեւ պաշտպանության կողմի բացակայության պայմանում դատական նիստերը չեն կարող տեղի ունենալ։

«Այսօրվա դատական նիստի հետ կապված՝ պաշտպան Տիգրան Եգորյանի կողմից դիմում է ստացվել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ պատճառաբանությամբ, որ Խաչատուր Սիրադեղյանը՝ ամբաստանյալ Վանո Սիրադեղյանի որդին, նոյեմբերի 4-ից Հայաստանի Հանրապետությունից պետք է մեկնի գործուղման, գործուղման նախապատրաստական աշխատանքներով եւ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված հնարավորություն չունի ներկա գտնվելու դատական նիստին։ Եվ խնդրել է դատական նիստին բացակայությունը համարել հարգելի՝ հաշվի առնելով տվյալ պատճառաբանությունը։

Դատական նիստի օրը եւ ժամը համաձայնեցվում է կողմերի, որպես կանոն հանրային մեղադրողի եւ պաշտպանի հետ եւ Խաչատուր Սիրադեղյանի գործուղման մեկնելու հանգամանքը Տիգրան Եգորյանի հետ որպես այդպիսին առնչություն չունի։ Հետեւաբար, դատարանը արձանագրում է, որ պաշտպան Տիգրան Եգորյանի բացակայության վերաբերյալ դատարանը որեւէ դիմում չի ստացել եւ նրա բացակայությունը գնահատում է անհարգելի։

Այնքանով, որքանով պաշտպանության կողմը բացակայում է դատական նիստից, դատական նիստը ենթակա է հետաձգման; Միաժամանակ, հաշվի առնելով նաեւ պաշտպանության կողմի ծանրաբեռնվածությունը՝ Տիգրան Եգորյանի ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալ այս պահին հայտնի չէ, ուստի եթե հիմա դատական նիստ նշանակենք առանց դա հաշվի առնելու, հնարավոր է, որ այն զուգադիպի նրա մեկ այլ դատական նիստի ծանրաբեռնվածության հետ։ Եվ կստացվի, որ մենք կունենանք մի իրավիճակ, որ հաջորդ դատական նիստին չի կարող ներկայանալ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ դատական նիստը նշանակվում է մեկ այլ հերթի եւ հաջորդ դատական նիստը կնշանակվի պաշտպանի եւ հանրային մեղադրողի՝ նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելու պայմաններում»,-եզրափակեց Վահե Դոլմազյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment