Գալյան․ Խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար

Սահմանադրական խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար, ուստի դրա մշակման և բովանդակության վերջնական պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:

«Իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել։ Խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության»,– ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում առաջարկել է շարունակել սահմանադրական նախագծի մշակումը նախարարության ուժերով և այն հանրությանը ներկայացնել հենց գերատեսչության անունից։

Միաժամանակ նա ընդգծել է, որ խորհրդի անդամներն ազատ կլինեն իրենց կարծիքն արտահայտելու նախագծի ցանկացած դրույթի վերաբերյալ։ Գալյանը հավելել է, որ խորհրդի հետ արդեն քննարկվել է Սահմանադրության հոդվածների մոտ 70–80 տոկոսը, սակայն անդամները դեռ ամբողջությամբ ծանոթ չեն նախագծի ներկայիս տեքստին։

«Այստեղ պատասխանատուն մենք ենք, այսինքն՝ արդարադատության նախարարությունն է տեքստի բովանդակության վերջնական պատասխանատուն լինելու»,– ընդգծել է նա։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին վերաբերող սահմանադրական դրույթներին՝ Գալյանը հայտնել է, որ այս փուլում որոշում է կայացվել գործող կարգավորումը նույնությամբ ներառել նոր Սահմանադրության նախագծում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հրապարակումից հետո նախագիծը դեռ քննարկվելու և լրամշակվելու է, ուստի որևէ դրույթ վերջնական և անփոփոխ չի համարվում։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղում անելու շուրջ տարաձայնություններին՝ նախարարը հայտարարել է, որ հռչակագրում ամրագրված որոշ նպատակադրումներ այլևս արդիական չեն։

«Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել, և այդպիսի միտք էլ չի կարող ունենալ, բայց փաստն այն է, որ Անկախության հռչակագրի նպատակադրումները ժամանակավրեպ են։ Մենք Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման նպատակադրում չունենք»,– ասել է Գալյանը։

Արդարադատության նախարարի խոսքով՝ Հայաստանի համար այսօր առաջնային նշանակություն ունեն պետականության շարունակականության ապահովումը, երկրի բարեկեցությունն ու զարգացումը, ինչպես նաև անկախության և ինքնիշխանության ամրապնդումը։

Անդրադառնալով ընդդիմության դիրքորոշմանը՝ նախարարը հայտարարել է, որ քաղաքական ուժերը չպետք է խոչընդոտեն սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, քանի որ Սահմանադրության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն քաղաքացիները։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գլխավորում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

2026 թվականի հունիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդի կազմը փոփոխությունների է ենթարկվել։ Հոկտեմբերի 28-ին ընդունված որոշմամբ խորհրդի անդամ է դարձել նաև Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

Leave a comment