Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարական է ներկայացրել արքա Ֆիլիպին՝ թագավորության 2027 թվականի բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո։
Թագավորը հետաձգել է հրաժարականի վերաբերյալ որոշման կայացումը և կոչ արել կառավարությանը փոխզիջման գալ բյուջեի հարցում։ Նախատեսվում է, որ միապետը երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին, կհանդիպի կուսակցությունների ղեկավարների հետ, իսկ նոյեմբերի 6-ին՝ կրկին կհանդիպի Դե Վևերի հետ։
Բելգիայի կառավարությունը փակուղում է հայտնվել այն բանից հետո, երբ պարտավորվել է մինչև 2029 թվականը բյուջետային ծախսերը կրճատել մոտ 10 միլիարդ եվրոյով։ Բելգիայի ազգային բանկի կանխատեսումների համաձայն՝ երկրի բյուջեի դեֆիցիտը, որը նախորդ տարի կազմել է 5,2%, մինչև 2028 թվականը կարող է աճել՝ հասնելով 5,7%-ի։
Լիբերալ «Բարեփոխիչ շարժում» կուսակցությունը դեմ է հարկերի բարձրացմանը, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգում նախատեսվող բարեփոխումներին։ Միաժամանակ, կենտրոնաձախ քաղաքական ուժերը դեմ են արտահայտվում առողջապահության և կենսաթոշակային ոլորտներում ֆինանսավորման կրճատումներին։
Ավելի վաղ «De Standaard» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Դե Վեվերը մտադիր է երկուշաբթի օրը հրաժարական ներկայացնել։ Պարբերականը նշել էր, որ թագավոր Ֆիլիպը, ով նախատեսում էր արձակուրդում մնալ մինչև նոյեմբերի 11-ը, ընդհատել է արձակուրդը՝ վարչապետի հետ արտահերթ հանդիպում ունենալու համար։