ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում այսպես կոչված «գաղտնի պլանի» իրականացման համար բավարար ներքին ռեսուրսներ չկան, և դրա հեղինակները փորձում են արտաքին աջակցություն ներգրավել։ Նա հավելել է, որ «ընդդիմության համար երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով»: Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։
Նրա պնդմամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս կան ուժեր, որոնց հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Հայաստանում պատմական շրջափուլ տեղի չունենա, հայտնում է 1lurer.am-ը:
«Նախկինում էլ՝ 2018-ից, մենք այս ընկալումից և տրամաբանությունից զերծ չենք եղել, ուղղակի 2026-ին քարտերը բացվել են։ Ուղղակի որոշ ուժերի առջև խնդիր կա դրված, որ ՀՀ-ն չկարողանա կատարել տնտեսական այն հանձնառությունները և շարունակել տնտեսական զարգացման այն ճանապարհը, որը նախանշված է»,-ասել է նա:
Վարչապետն այդ պրոցեսն անվանել է մեկ պայմանական վերնագրով, որը հեղինակները ևս, ըստ Փաշինյանի, վերնագրել են «գաղտնի պլան»։
«ՀՀ-ի ներսում այդ «գաղտնի պլանի» իրագործման ռեսուրսը չկա, և այդ «գաղտնի պլանի» հեղինակները պետք է ամեն ինչ անեն արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար։ Պարզ է, ակնհայտ է, և չեմ ուզում թաքցնել, որ այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում և ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն, նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան գործուղվել են մարդիկ շատ կոնկրետ խոստումներով, երաշխիքներով»,– ասել է նա։
Փաշինյանը կարծում է, որ ժողովրդի պատմությունը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով, իսկ ՀՀ-ում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ։
«Բայց այս անգամ, բարեբախտաբար, ընդդիմության համար երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների համար։
Օգտվելով առիթից, որ իմ ունեցած տեղեկությունները բավարար են նման պնդում անելու համար, ես ուղղակի գործընկերային ծառայություն եմ մատուցում մեր ընդդիմադիր գործընկերներին՝ ասելով, որ նրանք դեռևս ունեն ժամանակ այդ աղետից խուսափելու համար. խոսքը քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների՝ ձեզ հայտնի քաղաքական աղետից խուսափելու մասին է»,– ասել է նա:
Փաշինյանը հավելել է, որ այս իրավիճակում կարող է լինել մի երաշխիք, և այդ երաշխիքը հայ ժողովուրդն է։