Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում հանդիպման, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանա դա կազմակերպել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիայի նախագահի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև նրա անձնական հարաբերությունները Թրամփի և Պուտինի հետ, կարող են օգտակար լինել։ Իհարկե, եթե Թուրքիան կարողանա հասնել դրան, մենք կընդունենք այդ առաջարկը և միայն ուրախ կլինենք։ Այո՛, մենք պատրաստ ենք նման հանդիպման Թուրքիայում»,- ասել է Զելենսկին։
Հոկտեմբերի 31-ին Վլադիմիր Զելենսկին Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղ բանակցությունների ընթացքն ու նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Զելենսկին կրկնել է, որ բանակցություններում ուկրաինական կողմի օրակարգի գլխավոր կետը պետք է լինի հրադադարի անվերապահ և ամբողջական հաստատումը, որին պետք է հաջորդի վերահսկողության արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։ Բացի այդ, խաղաղ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ կլինի լուծել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և երկրի վերականգնման հարցերը։
Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, ապա Զելենսկին կրկին ընդգծել է, որ Ուկրաինան մտադիր չէ ո՛չ իրավականորեն հրաժարվել Ռուսաստանի կողմից գրավված տարածքներից, ո՛չ էլ կամավոր կերպով Ռուսաստանին զիջել Դոնեցկի մարզի՝ դեռևս չգրավված հատվածը։
Վերջին շրջանում մի շարք քաղաքական գործիչներ և դիվանագետներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, խոսել են դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում Պուտինի և Զելենսկիի հանդիպում կազմակերպելու տեսական հնարավորության մասին։
Սակայն Զելենսկին հարցազրույցում նշել է, որ դեռևս գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Միաժամանակ, ըստ մամուլի տեղեկությունների, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ կասկած է հայտնել, որ Պուտինը կմեկնի այդ գագաթնաժողովին մասնակցելու։
Ավելին, Ռուբիոն կասկածում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
«Ես չգիտեմ՝ հնարավո՞ր է, արդյոք, Ուկրաինայում բանակցությունների միջոցով խաղաղության հասնել։ Հենց դա էլ փորձում ենք պարզել։ Չեմ կարծում, թե այստեղ որևէ մեկը պնդում է, որ մենք բանակցությունների միջոցով համաձայնագրի կնքման շեմին ենք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի