«Իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել»․ Սրբուհի Գալյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդին

«Իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել։ Խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության մասին է և, ես առաջարկել եմ հետևյալ տարբերակը, որ մենք կշարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի արդարադատության նախարարության անունից և խորհրդի անդամները, իհարկե, ազատ կլինեն արտահայտել իրենց կարծիքը որևէ դրույթի վերաբերյալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, ուրբաթ օրը կայացել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը, որից հետո հանձնաժողովի անդամները հայտարարեցին, թե այն կարծիքին են, որ նոր Սահմանադրության տեքստը ներկայացվում է ոչ թե խորհրդի կողմից, այլ նախարարության հեղինակած տեքստն է, քանի որ խորհրդում դեռ չեն հասցրել ամբողջական քննարկումներն ավարտել, ամբողջական տեքստին ծանոթ չեն, բայց հայտարարվել է, որ նախագիծը հրապարակվելու է նոյեմբերի կեսերին։

Սրբուհի Գալյանը պնդում է՝ այն ամենն, ինչ ներառվել է նոր Սահմանադրության տեքստում, խորհրդում քննարկվել է եւ այն ձեւակերպումները, որոնք ընտրվել են, խորհրդի անդամների առաջարկով են եղել։ Միաժամանակ նա հայտարարեց, որ այս գործընթացում ներառականությունը անչափ կարևոր է եւ իրենք պատրաստվում են չքննարկած յուրաքանչյուր հարց խորհրդի հետ քննարկել․ «Դրա համար ունենք բավականին մեծ ժամանակ, որովհետև տեքստը հրապարակելուց հետո չի նշանակում, որ մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու քարոզարշավին»։

Սրբուհի Գալյանը հայտարարեց՝ եթե պայմանական համարենք, որ նախագծում ունենք 12 գլուխ և 100-ից ավել հոդված, այդ հոդվածների 70-80%-ը քննարկել ենք․ «Սա նշանակում է, որ խորհուրդը տեղյակ է տեքստից: Եթե խոսքը նրա մասին է, որ ամբողջ ծավալով ծանոթ չէ այս պահին եղած տեքստին, այո, բայց սա նշանակում է, որ ծանոթ չի, բայց պետք է ծանոթանա, ինչպես որ հանրությունը հիմա տեքստի մասին պատկերացում չունի, բայց պետք է ունենա է վաղ թե ուշ և ոչ մի գաղտնի բան իրականում այստեղ չկա»։

Հարցին՝ արդյոք չի նշանակում, որ նախարարությունում որոշվում է և խորհրդին առաջարկվում է, Սրբուհի Գալյանն ասաց, որ, օրինակ, եկեղեցու հետ կապված քաղաքական որոշում է եղել եւ որոշվել է, որ եկեղեցու հետ կապված կարգավորումը պետք է նույնությամբ արտացոլվի նոր սահմանադրության տեքստում։

Նկատի ունենալով խորհրդի ներառական կազմը՝ նա հնարավոր է համարում, որ լինեն հարցեր, որ կոնսենսուս ձեռք չբերվի․ «Հետևաբար, այստեղ պատասխանատուն մենք ենք։ Այսինքն, արդարադատության նախարարություն է վերջնական պատասխանատուն լինելու տեքստի բովանդակության»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment