Կանադան սկսել է վերանայել ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները, որը տասնամյակներ շարունակ եղել է երկրի գլխավոր առևտրային գործընկերը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Պատճառը Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած առևտրային պատերազմն է։ Օտտավան ձգտում է ամրապնդել կապերը Եվրամիության հետ և նվազեցնել կախվածությունն ամերիկյան շուկայից։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ տնտեսական փոխկախվածությունը գնալով ավելի հաճախ է օգտագործվում որպես քաղաքական ճնշման միջոց, իսկ առևտրային մաքսատուրքերը վերածվում են հարկադրանքի գործիքի։
CNN-ի տվյալներով՝ ամռանը Վաշինգտոնը 50% մաքսատուրքեր է սահմանել շուրջ 20 մլրդ դոլար ընդհանուր արժեքով կանադական ապրանքների նկատմամբ, իսկ որոշ ապրանքատեսակների ներմուծումն ամբողջությամբ արգելել է։ Կանադան պատասխանել է համանման միջոցներով և խոստացել նոր սահմանափակումներ կիրառել, եթե ԱՄՆ-ն հետագայում բարձրացնի մաքսատուրքերը։
Այս ֆոնին Օտտավան բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության շուրջ։ Կանադան կարող է դառնալ առաջին երկիրը, որը նոր նախաձեռնության շրջանակում կստանա ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ։
Մարկ Քարնին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել են «Ապագայի դաշինք» նախագիծը, որին կարող են միանալ նաև այլ պետություններ։ Սակայն համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Բացի այդ, կանադացի որոշ քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնում, որ Եվրամիության հետ մերձեցումը կարող է սահմանափակել երկրի ինքնիշխանությունը։
ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրի ծավալները մի քանի տարի շարունակ նվազում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կրճատվում է 2022 թվականից ի վեր, ընդ որում՝ ամենամեծ տարեկան անկումը գրանցվել է այն բանից հետո, երբ Թրամփը 50% մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի նկատմամբ։
Պատմականորեն Կանադայի արտահանման 70-80%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, սակայն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո այդ մասնաբաժինը կտրուկ նվազել է՝ հասնելով գրեթե 30 տարվա նվազագույն մակարդակին։ Միևնույն ժամանակ, Կանադան ավելացրել է ապրանքների մատակարարումները Եվրոպա և Կենտրոնական Ասիա՝ փորձելով այլընտրանք գտնել ամերիկյան շուկային։
Առևտրային հակամարտության առավել նկատելի հետևանքներից մեկը ալկոհոլային խմիչքների առևտրի կրճատումն է։ 2025 թվականի մարտին Կանադայի նահանգների ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող խանութները սկսել են դարակներից հեռացնել ամերիկյան արտադրանքը՝ գնորդներին կոչ անելով նախապատվությունը տալ տեղական ապրանքներին։
2025 թվականի երկրորդ եռամսյակում ամերիկյան թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը Կանադա նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր՝ 9.7 մլն դոլարի։ Հետագայում մատակարարումները մասամբ վերականգնվել են՝ հաջորդ երկու եռամսյակներից յուրաքանչյուրում գերազանցելով 20 մլն դոլարը։ Ի պատասխան՝ անցյալ ամիս Թրամփն արգելել է կանադական ալկոհոլային խմիչքների մեծ մասի ներմուծումը։
Հարաբերությունների վատթարացումն անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտի վրա։ Կանադացիները սկսել են զգալիորեն ավելի հազվադեպ այցելել ԱՄՆ։ Լրացուցիչ դժգոհություն են առաջացրել Թրամփի հայտարարությունները՝ Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դարձնելու հնարավորության մասին։ 2025 թվականին կանադացիների՝ ԱՄՆ կատարած ուղևորությունների թիվը նվազել է՝ հասնելով 29.1 մլն-ի։ Սա 1972 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշն է՝ չհաշված համավարակի ժամանակահատվածը։
Կանադացի զբոսաշրջիկների ծախսերn ԱՄՆ-ում 2024 թվականի 16.1 մլրդ դոլարից 2025 թվականին նվազել են մինչև 13.4 մլրդ դոլար։ Այսպիսով, ընդամենը մեկ տարվա ընթացքում ամերիկյան բիզնեսը կորցրել է 2.7 մլրդ դոլարի եկամուտ։
Փոխվել է նաև ներդրողների վարքագիծը։ 2026 թվականի առաջին կիսամյակում կանադացիները 78.1 մլրդ կանադական դոլար են ներդրել ամերիկյան բաժնետոմսերում։ Սակայն արդեն հուլիսին նրանք վաճառել են ռեկորդային՝ 31 մլրդ կանադական դոլարի արժեթղթեր։
Այսպիսով, առևտրային հակամարտությունն անդրադարձել է ոչ միայն արտահանմանն ու ներմուծմանը, այլև զբոսաշրջությանը, ներդրումներին և սպառողական վարքագծին։ Կանադան շարունակում է սերտորեն կապված մնալ ԱՄՆ տնտեսության հետ, սակայն ավելի ակտիվորեն է հնարավորություններ փնտրում այդ կախվածությունը նվազեցնելու համար։