ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ ԱՄՆ-ը շուտով այս կամ այն կերպ կավարտի Իրանի հետ պատերազմը։ Թրամփն այս մասին ասել է Այովայում նախընտրական հանրահավաքից առաջ Right Side Broadcasting Network-ին տված հարցազրույցում։
«Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել, և շատ շուտով այս կամ այն կերպ վերջ կդնենք այդ ամենին։ Կա՛մ նրանք գործարքի կգնան, կա՛մ մենք պարզապես վերջ կդնենք դրան։ Մեր կատարած աշխատանքն անհավանական է»,- ասել է Թրամփը։
Միաժամանակ, Թրամփը ելույթ է ունեցել Կանզաս նահանգի Սալինա քաղաքում կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին նվիրված վերջին նախընտրական հանրահավաքում։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը «գերիշխող դիրք է հաստատել» Իրանի նկատմամբ, և որ «ցանկացած պահի կարող ենք փակել նրանց»։
«Մենք փորձում ենք բարեհամբույր լինել, թեև երբեմն դա պետք չէ անել։ Փորձում ենք մի փոքր բարեհամբույր լինել, բայց, կարծում եմ, ամեն ինչ շատ մոտ է հանգուցալուծմանը։ Մենք պարզապես կփակենք նրանց։ Եվ դրանով ամեն ինչ կավարտվի»,- հայտարարել է Թրամփը։
Կիրակի Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմը «ողջամտություն» կցուցաբերի, քանի որ դիվանագիտական ջանքերն ուղղված են լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելուն։
Միաժամանակ, Թեհրանը նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր պատերազմը կարող է ավելի երկար տևել, քան նախորդ ռազմական բախումը։
«Հնարավոր նոր պատերազմը կարող է ավելի երկար տևել, քան նախորդ հակամարտությունը, և ԱՄՆ նախագահը չի կարողանա թելադրել դրա ավարտի ժամկետներն ու պայմանները»,- հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, իր հերթին, նախազգուշացրել է միջազգային հանրությանը, որ «ցանկացած մակարդակի կամ ձևի սպառնալիքի պետք է տրվի անհապաղ, արդյունավետ և աշխարհագրական առումով չսահմանափակված պատասխան»։ Շաբաթ Խամենեին հանդիպել է Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ և նրանց հանձնարարել պատրաստվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր նոր ռազմական գործողություններին։
«Աշխարհագրական առումով չսահմանափակված պատասխանի» սպառնալիքը նշանակում է, որ նոր հարձակման դեպքում Իրանը կարող է թիրախավորել ոչ միայն Եվրոպան, այլև Հարավային Կովկասը, ասվում է հրապարակման մեջ։
Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Խամենեին նաև հանձնարարել է կազմել ԱՄՆ-ում և Իսրայելում հնարավոր թիրախների նորացված ցանկ՝ ներառելով «նյութական և ոչ նյութական բոլոր տեսակի ակտիվները»։ Ի դեպ, փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Խամենեին հանրությանը դեռևս չի ներկայացել։
«Եթե Իրանի թշնամիները վերսկսեն ռազմական կամ ահաբեկչական հարձակումները, ապա հենց Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու իրանցի ժողովուրդը կորոշեն, թե երբ և ինչ պայմաններով կավարտվեն այդ հարձակումները»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի