Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԹՐԻՓՓ (TRIPP) ապաշրջափակման նախագծի իրագործման գործնական փուլ մտնելու մասին։ Կառավարությունը, ժամանակ չկորցնելու նպատակով, իր նախաձեռնությամբ կմեկնարկի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման պատվերների գործընթացը, իսկ հետագայում՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության ձևավորումից հետո, կատարված աշխատանքները կփոխանցվեն այդ ընկերությանը։ Վարչապետն ընդգծել է նախագծի շրջադարձային նշանակությունը՝ նշելով, որ դրա իրականացմամբ հաղթահարվում է Հայաստանի՝ ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը։ Նրա խոսքով՝ երկիրը երկաթուղային կապով ապաշրջափակվելու է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստան-Հայաստան, Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ երթուղիներով։
Նշվել է, որ նախագծի սկզբնական մաս են կազմելու Նռնաձոր–Կարճևան երկաթուղին, ավտոճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերը, իսկ գազամուղի և նավթամուղի կառուցման հարցերը կքննարկվեն ավելի ուշ։ Փաշինյանը հավելել է նաև, որ ԹՐԻՓՓ-ն ունի վավերացված միջազգային պայմանագրի տրամաբանություն և բարձրագույն իրավաբանական ուժ, ինչը թույլ է տալիս նախագծեր իրականացնել Հայաստանի ողջ տարածքում։ Մասնավորապես, հնարավոր գազամուղը կամ նավթամուղը պարտադիր չէ, որ անցնեն հարավով, քանի որ Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է երկրի հյուսիսային հատվածով։