Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Միացյալ Նահանգները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո հարվածներ հասցնի Իրանին։ Այս մասին գրում են Axios և N12 լրատվամիջոցները, փոխանցում է Meduza-ն։

Հոկտեմբերի 31-ին կայացած հեռախոսազրույցn իսրայելական աղբյուրը բնութագրել է որպես «կոշտ», իսկ ամերիկյանը՝ «ուղիղ»։

Axios-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ Թրամփն առայժմ ցանկանում է հնարավորություն տալ Կատարի միջնորդությամբ Իրանի հետ ընթացող բանակցություններին։ Սակայն Նեթանյահուն մտահոգված է այդ բանակցություններով։ Աղբյուրը նշում է, որ Իրանի դեմ նախորդ ռազմական գործողություններից առաջ՝ 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին, Թրամփը նույնպես որդեգրել էր երկու զուգահեռ ռազմավարություն․ մի կողմից փորձում էր համաձայնության հասնել, մյուս կողմից՝ պատրաստվում էր ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։

Միաժամանակ, ամերիկացի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը հայտարարել է, թե Բենիամին Նեթանյահուն ճնշում է գործադրում Թրամփի վրա՝ Իրանի «Փիքաքս Մաունթին» (Pickaxe Mountain) օբյեկտին միջուկային հարված հասցնելու համար։ Խոսքը, ենթադրաբար, ստորգետնյա հարստացման օբյեկտի մասին է։ Կարլսոնի պնդմամբ՝ Թրամփը կարող է որոշում կայացնել մինչև նոյեմբերի 7-ը։

Կարլսոնը, սակայն, իր պնդումը հիմնավորող  ապացույց չի ներկայացրել՝ բացի իր կողմից չհրապարակված «տեղեկացված աղբյուրի» վկայակոչելը։ Սպիտակ տունը, Պենտագոնը և Իսրայելի իշխանությունները նույնպես պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է ընդամենը մի քանի օր հեռու լինել Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու որոշումից։ Իրազեկ աղբյուրն ասում է՝ Բիբին ամեն օր զանգահարում է Թրամփին այդ հարցով»,- գրել է Կարլսոնը X-ի իր էջում։

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի ոչ մի սովորական զինատեսակ ի վիճակի չէ խոցել «Փիքաքս Մաունթին» օբյեկտի թունելները, որոնք պաշտպանված են մոտ 300 ոտնաչափ հաստությամբ գրանիտե շերտով։ Ըստ նրա՝ դա միջուկային հարվածը դարձնում է «միակ ռազմական տարբերակը»։

«Իրադարձություններին մոտ կանգնած աղբյուրները կարծում են, որ Թրամփը, հավանաբար, մինչև հաջորդ շաբաթվա վերջ կորոշի՝ կիրառե՞լ միջուկային զենք, թե՞ ոչ։ Ի պատիվ նրա՝ նա դեռ տատանվում է»,- գրել է Կարլսոնը։

Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը համոզված են՝ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել։ Միաժամանակ, Կարլսոնը պնդել է, որ Նեթանյահուն, որը նախորդ շաբաթվա ընտրություններից հետո չի կարողացել կառավարություն ձևավորել, «այս պատերազմի կարիքն ունի»։ Կարլսոնը նաև պնդում է, որ Նեթանյահուն սեպտեմբերի 27-ին գաղտնի մեկնել է Աբու Դաբի՝ հարձակմանն աջակցելու նպատակով ԱՄԷ-ի աջակցությունը ստանալու համար, սակայն մերժում է ստացել։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել էին հրադադարի հաստատման շուրջ, սակայն կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ միմյանց մեղադրել էին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել էր, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կարող է տարածաշրջանում իրականացնել «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողություն»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կապ է հաստատել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են գտնել բավականաչափ «ընդհանուր եզրեր»։

Հոկտեմբերի 27-ին Իսրայելում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով Նեթանյահուի դաշինքը Քնեսեթի ստացել է 53 մանդատը։ Սակայն դա բավարար չէ կառավարություն ձևավորելու համար, ուստի այժմ կուսակցությունները պետք է բանակցություններ վարեն կոալիցիա կազմելու շուրջ։ Այդ գործընթացը կարող է բավական երկար ձգվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment