Իրանի «երկու թևերի» ռազմավարությունը Եվրասիայում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ

Իրանն իր նորագույն պատմության այնպիսի հանգրվանում է, երբ հյուսիս-արևմուտքից և արևմուտքից աշխարհաքաղաքական ճնշումների սաստկացմանը զուգահեռ՝ ականատես է լինում Արևելքում աննախադեպ հնարավորությունների ձևավորմանը։ Իսրայելի, ՆԱՏՕ-ի և արևմտյան տերությունների աջակցությամբ ուղղորդվող պանթուրքիզմի ագրեսիվ վարքագիծն այլևս լուսանցքային գաղափարախոսություն չէ․ այն վերածվել է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխելու և Իրանի տարածքային ամբողջականությունը վտանգելու գործնական գործիքի։

Նման պայմաններում Իրանի արտաքին քաղաքականությունը չի կարող մնալ բացառապես պաշտպանողական և արձագանքող։

Թուրքիայի, Բաքվի և նրանց արևմտյան ու իսրայելական հովանավորների ծավալապաշտության դեմ «սանիտարական գոտի» ձևավորելու անհրաժեշտությունը պահանջում է, որ Իրանը սեփական ռազմավարությունը կառուցի երկու հենասյան վրա․ առաջինը՝ ռազմավարական կապը Չինաստանի հետ՝ որպես արևելյան առանցքի տերության, իսկ երկրորդը՝ տարածաշրջանային ազդեցության վերականգնումը՝ իրանական-իսլամական մշակույթի երկակի տրամաբանության և Դիմադրության ճակատին աջակցության հիման վրա։

Հետևաբար, Չինաստանի հետ պրագմատիկ դաշինքը ոչ թե գաղափարախոսական ընտրություն է, այլ աշխարհատնտեսական անհրաժեշտություն՝ վերադասավորվող Եվրասիայում Իրանի՝ որպես «միջանցքային երկրի» գոյատևման համար։ Այս ռազմավարության մեջ Հայաստանը կարող է կենսական դեր խաղալ։

Պանթուրքիզմը՝ որպես ՆԱՏՕ-ի և Իսրայելի առաջապահ գործիք

Անկարայի և Բաքվի ագրեսիվ վարքագծի վերլուծությունը թերի կլինի՝ առանց այն Արևմուտքի ընդհանուր ռազմավարության հետ կապը հասկանալու։ Պանթուրքիզմն իր ներկայիս տեսքով գաղափարախոսություն է, որը ձևավորվում է ներքին և տարածաշրջանային սպառման համար, սակայն դրա ռազմական և նյութատեխնիկական ենթակառուցվածքն ապահովվում է վերազգային դերակատարների կողմից։

Ադրբեջանն իր ռազմական կարիքների 60–70 տոկոսը, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, ռադարներն ու հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ստանում է Իսրայելից։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին պատերազմների ընթացքում Թել Ավիվից Բաքու զենքի մատակարարումները շարունակվել են։ Այդ զենքերն օգտագործվել են նաև Արցախը գրավելու և 120 հազար հայերին այնտեղից դուրս մղելու համար։

Ուստի այս համագործակցությունը պարզապես սպառազինության առքուվաճառք չէ։ Այն անվտանգության ավելի լայն ճարտարապետության մի մասն է, որը ՆԱՏՕ-ն Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով տեղակայում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Իսրայելն այս կառույցն օգտագործում է Իրանի հյուսիս-արևմուտքում «ճակատ» ստեղծելու համար։ Այդ ճակատի նպատակն է փոխել ռազմավարական հավասարակշռությունը և կեղծ ինքնության կառուցարկման միջոցով թիրախավորել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Հայաստանը և Իրանի դաշնակից պետությունները։

Այսպես կոչված «Զանգեզուրի կեղծ միջանցքի» նախագիծը և նմանատիպ ծրագրերը Բաքվի ու Անկարայի պաշտոնական հռետորաբանության մեջ ներկայացվում են որպես «պանթուրքական տնտեսական և գաղափարական ինտեգրման» գործիքներ։ Սակայն դրանց իրական գործառույթը հաղորդակցական, հետախուզական և ռազմական միջանցքի ստեղծումն է՝ Իրանի, իսկ ապագայում՝ նաև Ռուսաստանի ու Չինաստանի դեմ Իսրայելի և ՆԱՏՕ-ի գործողությունների համար։

Այս մոտեցման շրջանակում Հայաստանի Սյունիքի մարզի վերահսկողությունը դիտարկվում է որպես թյուրքական աշխարհի ստեղծման ծրագրի ամբողջացման անհրաժեշտ բաղադրիչ։

Այս համատեքստում պանթուրքիզմը ոչ թե ինքնաբուխ մշակութային շարժում է, այլ առաջապահ և միջնորդավորված գործիք՝ Իրանը հյուսիս-արևմուտքից շրջափակելու, հայ-իրանական սահմանը վերացնելու, ապա Հայաստանի պետականությունը աստիճանաբար վերացնելու նպատակով։

Վտանգն ավելի լուրջ է դառնում, երբ հիշում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին ևս ներառել անվտանգության այս շրջանակում՝ տարածաշրջանում ձևավորելով ՆԱՏՕ-ի «թուրքական թևը»։

«Սանիտարական գոտու» երկակի տրամաբանությունն Արևելքում և Արևմուտքում

Այս բազմաշերտ սպառնալիքին տրվող պատասխանը չի կարող լինել միաչափ։ Իրանի պատկերացրած «սանիտարական գոտին», որի ձևավորմանը հարևան երկիր Հայաստանը պետք է մասնակցի համագործակցության միջոցով, պետք է ունենա երկու թև։ Թեև դրանք գործառութային առումով տարբեր են, սակայն գործում են միասնական տրամաբանությամբ՝ կանխել Իրանի և Հայաստանի շրջափակումը և ռազմավարական նախաձեռնությունը վերադարձնել Թեհրանին ու Երևանին։

Արևելյան թևը․ մշակույթ, քաղաքակրթություն և տրանսպորտային միջանցքներ

Արևելյան թևը՝ Իրանից դեպի Աֆղանստան, Տաջիկստան և Հայաստան, ապա մինչև Չինաստան տանող ուղղությամբ, Ռուսաստանի աջակցությունն ու մասնակցությունը ներգրավելու պայմանով, հիմնականում հիմնվում է իրանական աշխարհի մշակութային, գրական և քաղաքակրթական ժառանգության վրա։

Պարսկերենը, ընդհանուր գրականությունն ու Մեծ Իրանի մշակութային ժառանգությունն այն կապիտալն են, որը Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում գործող որևէ մրցակից տերություն չի կարող հեշտությամբ փոխարինել։ Պարսկերենի դերը՝ որպես «Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի միջև կարևոր ընդհանուր կապի», չի կարելի անտեսել։ Անհրաժեշտ է ուժեղացնել այդ լեզուն պահպանելու և տարածելու ջանքերը, ինչպես նաև հակազդել տարածաշրջանում և Իրանում այն մեկուսացնելու փորձերին։
Սակայն մշակութային այս թևը չի կարող աշխարհաքաղաքական գործառույթ իրականացնել առանց նյութական ենթակառուցվածքի։ Արևելյան թևի շարժիչ ուժը երկաթուղային միջանցքներն են և էներգիայի ու ապրանքների փոխադրման ցանցերը, որոնք անցնում են Իրանի տարածքով, արևմտյան թևի միջոցով հասնում Եվրոպա և Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրներին կապում Իրանի հետ, այլ ոչ թե՝ Թուրքիայի ու Բաքվի։

Այս թևն ամրապնդվում է Հայաստանի հին քաղաքակրթական ու մշակութային ներուժի, ինչպես նաև Թեհրանի և Երևանի միջև ինքնության վրա հիմնված ու բարեկամական կապերի շնորհիվ։ Իրանի և Հայաստանի միջև հզոր միջանցքային կապի ստեղծումը թույլ չի տա, որ այս երկրները շրջափակվեն թյուրքական աշխարհի առաջխաղացող միջանցքներով։

Հենց այս կետում են Իրանի և Չինաստանի շահերը լիովին համընկնում։

Չինաստանին անհրաժեշտ են անվտանգ և ծախսարդյունավետ ցամաքային ուղիներ՝ Եվրոպա ապրանքներ արտահանելու և էներգակիրներ ներմուծելու համար։ Ռուսաստանի և Բելառուսի տարածքով անցնող հյուսիսային միջանցքի աշխատանքը խաթարվել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իսկ Կովկասով և Թուրքիայով անցնող միջին միջանցքը ենթակա է արտաքին ազդեցությունների ու անկայունության, բախվում է տարբեր մաքսային ռեժիմների և երթուղու համակցված՝ ջրային ու ցամաքային բնույթից բխող դժվարությունների։

Հետևաբար, եթե Իրանը լրջորեն գործի, Պեկինը, հաշվի առնելով նաև Չինաստանի ույղուրների նկատմամբ Թուրքիայի նկրտումները, շահագրգռված կլինի Իրանի տարածքով անցնող «հարավային միջանցքը» զարգացնել որպես Տրանսկասպյան միջանցքի ռազմավարական այլընտրանք։

Չինաստան–Իրան՝ Սիան քաղաքից մինչև Թեհրան ձգվող 10 400 կիլոմետրանոց երկաթուղային միջանցքը գործում է 2025 թվականի մայիսից։ Երկու երկրները նաև օրակարգում են դրել Սարախսից մինչև Թուրքիայի հարևանությամբ գտնվող Ռազիի սահմանային անցակետը ձգվող երկաթուղային ճանապարհի 1000 կիլոմետրի էլեկտրաֆիկացումը։

Համապատասխան պլանավորման դեպքում ապագայում հնարավոր կլինի այս երկաթուղային գիծը շարունակել Դիմադրության առանցքի տարածքով։

Իրանը հայտարարել է նաև 17 000 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ինը երկաթուղային միջանցք կառուցելու ծրագրի մասին։ Դրանց իրականացումը երկրի երկաթուղային ցանցի բեռնափոխադրումների կարողությունը կհասցնի տարեկան 60 միլիոն տոննայի։

Հայաստանը նույնպես, միանալով այս ցանցին, հնարավորություն կունենա դուրս գալու այնպիսի անվստահելի հարևանների, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը, կողմից ստեղծվող ցամաքային շրջափակումից։

Արևմտյան թևը․ Իրաք, Սիրիա և Լիբանան

Սակայն Իրաքի, Սիրիայի և Լիբանանի ուղղությամբ տարածվող արևմտյան թևն այլ տրամաբանություն ունի։

Երկրի արևմտյան ուղղությամբ Իրանի ազդեցության հիմքում, լեզվից ու գրականությունից բացի, առավելապես կրոնական և դավանաբանական ուսմունքներն են ու Դիմադրության ցանցին ապավինելը։

Իրաքում, Սիրիայում և Լիբանանում Իրանը սեփական ազդեցությունն իրականացրել է ոչ միայն տնտեսական կապերի, այլև գաղափարական ընդհանրությունների, հասարակական ցանցերի և ոչ պետական դաշնակիցների միջոցով։

Վերջին տարիներին այս թևը հարվածներ է կրել Սիրիայում և Լիբանանում, սակայն Դիմադրության ցանցը չի ոչնչացվել։

Իրաքի նշանակությունը կրկնապատկվել է։ Թեհրանին համակրող շիա խմբավորումները շարունակում են զգալի կշիռ ունենալ Իրաքի քաղաքական և անվտանգության ոլորտներում, թեև նրանց գործողությունների ազատությունը սահմանափակվել է։

Այս երեք երկրներում, հատկապես Լիբանանում, ազդեցիկ և վստահելի հայ համայնքի առկայությունը կօգնի Իրանին վերականգնել իր ներկայությունը։ Բնական է նաև, որ եթե Իրանը վերադառնա իր համար նպաստավոր պայմանների, առավելագույն ջանքեր կգործադրի հայկական սփյուռքին աջակցելու և նրա հետ մշակութային ու տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ։

Հետևաբար, Արևմուտքում և Արևելքում իր ազդեցության երկու թևերն ակտիվացնելու համար Իրանին խիստ անհրաժեշտ են Հայաստանի աջակցությունն ու համերաշխությունը։

Արևելյան և արևմտյան թևերի փոխկախվածությունը

Հիմնական հանգամանքն այն է, որ արևմտյան թևը չի կարող կայուն մնալ առանց արևելյանի։

Դիմադրության ցանցի ֆինանսավորումը, նյութատեխնիկական ապահովումն ու վերակառուցման կարողությունը կախված են Իրանի տնտեսությունից։ Իսկ Իրանի տնտեսությունն իր հերթին կարիք ունի արևելյան ուղղությամբ կենտրոնացած առևտրի և տարանցիկ փոխադրումների։

Արևելյան միջանցքները ոչ միայն տարանցիկ եկամուտներ են ապահովում Իրանին, այլև օգնում են նրան դուրս գալ պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական մեկուսացումից։ Դրանք Թեհրանին հնարավորություն են տալիս Արևմուտքում վերականգնելու Դիմադրության ցանցի վրա հիմնված նախաձեռնությունները։

Ուստի անհրաժեշտ է, նախ՝ Հայաստանի մասնակցությամբ ակտիվացնել Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանն ու Չինաստանը կապող միջանցքային ցանցը, ապա ծրագրել դրա շարունակությունը Իրանի տարածքով դեպի Իրաք, Սիրիա և Լիբանան՝ մինչև Միջերկրական ծով։

Այս անհրաժեշտությունը կուժեղացնի Իրանի տնտեսական, մշակութային և անվտանգության երկու թևերը։ Իսկ այս գաղափարի ամրապնդումը կենսական նշանակություն կունենա Հայաստանի թուլացումը կանխելու համար։

Չինաստանը՝ անհրաժեշտ գործընկեր, ոչ թե Իրանի փրկիչ

Այս գաղափարն իրականացնելու համար անհրաժեշտ է ռազմավարական սթափատեսություն ունենալ․ Չինաստանը Իրանի «դաշնակիցը» չէ՝ գաղափարական կամ անվտանգության ոլորտում աջակից լինելու իմաստով։

Արևմտյան վերլուծաբանները նույնպես ընդգծում են, որ Պեկինի և Թեհրանի հարաբերությունները «գործարքային բնույթ» ունեն, և Չինաստանը պարտավորություն չի ստանձնել ցանկացած պայմաններում պաշտպանելու Իրանի կառավարությանը։

2021 թվականին ստորագրված՝ 25 տարվա համապարփակ ռազմավարական համաձայնագիրը գործնականում սպասվածից ավելի քիչ արդյունք է տվել, իսկ Չինաստանի իրական ներդրումները եղել են ավելի փոքր, քան հայտարարված թվերը։ Չինաստանն առաջնահերթություն է տալիս իր էներգետիկ շահերին և մատակարարման շղթաներին ու պատրաստ չէ Իրանի համար ստանձնելու անվտանգության ապահովման մեծ ծախսեր։

Այնուամենայնիվ, Չինաստանի՝ գործարքների վրա հիմնված այս մոտեցումը կարող է աշխատել Իրանի օգտին, եթե Թեհրանը ճիշտ սահմանի իր ռազմավարական արժեքը։

Չինաստանն Իրանի կարիքն ունի ոչ թե որպես գաղափարական դաշնակցի, այլ որպես հարավային միջանցքի կենսական նշանակություն ունեցող հանգույցի։

Եթե Իրանը կարողանա ապացուցել, որ ապահովում է Չինաստանը Եվրոպայի, Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի հետ կապող անվտանգ, արագ և ծախսարդյունավետ երթուղի, ապա Չինաստանի շահերն ինքնաբերաբար կկապվեն Իրանի անվտանգության ու կայունության հետ։

Ներկայումս Չինաստանը մասնակցում է Թուրքմենստան–Իրան սահմանին գտնվող Սարախսի երկաթուղային կայարանի զարգացմանը։ Միաժամանակ Պեկինին անհանգստացնում է ԱՄՆ-ին Հայաստանի տարածքում այսպես կոչված «Զանգեզուրի կեղծ միջանցքը» զարգացնելու բացառիկ իրավունքի տրամադրումը՝ «Խաղաղության և միջազգային բարգավաճման Թրամփի ուղի» անվան ներքո։ Չինաստանը դա դիտարկում է որպես Եվրասիայում տարանցիկ փոխադրումների նկատմամբ Վաշինգտոնի ազդեցությունը տարածելու գործիք։

Հետևաբար, Իրանը կարող է իր ազգային անվտանգության օգտին օգտագործել միջանցքների վերահսկողության շուրջ Չինաստանի և Արևմուտքի մրցակցությունը՝ պայմանով, որ արագորեն և վճռականորեն զարգացնի իր ներքին ենթակառուցվածքներն ու տարածաշրջանային կապերը։

Հարավային Կովկասում միջանցքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով Իրանի, Չինաստանի և Հայաստանի եռակողմ համագործակցությունը կամրապնդի նրանց միջև փոխգործակցության և վստահության մթնոլորտը։

Իրանի տարածքով անցնող միջանցքները՝ պանթուրքիզմի դեմ արևելյան և արևմտյան երկու թևերի ողնաշարը

Իսրայելի և ՆԱՏՕ-ի աջակցությունը վայելող պանթուրքիզմի սպառնալիքն ունի գոյաբանական բնույթ և չի կարող զսպվել դիվանագիտական հայտարարություններով կամ առանձին ճգնաժամերի ժամանակավոր կառավարմամբ։

Ռազմավարական պատասխանը Իրանի և Հայաստանի վերածումն է երկու «առաջնագծի երկրների» կարգավիճակից, որոնք մշտապես ենթարկվում են իրենց որոշ հարևանների ճնշմանը, երկու «միջանցքային երկրների»։ Դրանք պետք է դառնան Եվրասիայի կապակցման խաչմերուկներ և այդ գործընթացի միջոցով ձեռք բերեն իրենց տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ու տարածաշրջանային ազդեցությունը վերականգնելու համար անհրաժեշտ ռազմավարական խորությունն ու տնտեսական կարողությունները։

Այս հարցի շուրջ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր ընկալման ձևավորումն ու համագործակցության խորացումը երկու երկրների դիրքերի և հզորության բարձրացման բանալին կլինեն։

Դոկտոր Էհսան Մովահեդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment