Չորս տարվա աշխատանքից հետո՝ նախարարության հեղինակած Սահմանադրություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, եթե արտառոց հանգամանքներ չառաջանան։ Փաստաթղթի հանրային քննարկումները կկազմակերպվեն օրենքների նախագծերի քննարկումների սկզբունքով․ դրանք  կլինեն լայն, ներառական և երկարատև՝ հաշվի առնելով Սահմանադրության կարևորությունն ու ծավալը։ Նախարարը կրկնել էր՝ նոր Սահմանադրության մշակումը Հայաստանի ներքին օրակարգն է եւ որեւէ առնչություն չունի հարեւան երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրապարակային պահանջների հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Ավելի հստակ՝ նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելը։ Երևանն ու Բաքուն, հիշեցնենք, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում։ Այն մինչ օրս ստորագրված չէ։

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին չէր բացառել պայմանագրի ստորագրումը 2027-2028 թվականներին։ Դեռ 2025-ի մայիսին էր Նիկոլ Փաշինյանը խոստացել հանրաքվե նախաձեռնել, եթե խաղաղության համաձայնագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը։

2026թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը քանիցս կարեւորում էր իր ղեկավարած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից սահմանադրական մեծամասնություն հավաքելը, անգամ սպառնում էր՝ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չհավաքի, աշնանը մեծ պատերազմից խուսափել չենք կարողանալու։ Խնդիրն, իհարկե Սահմանադրության, ավելի հստակ՝ Սահմանադրության նախաբանի փոփոխությունն էր՝ այնտեղից հանելը Անկախության հռչակագրին հղումը , որը սահմանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ որոշումները։ Այդ հարցերն էին, որ 1994 թվականին որոշակիորեն զուգահեռեցին իշխանության և ընդդիմության խիստ տարբեր մոտեցումները՝ Գերագույն խորհրդում ապահովելով Սահմանադրության նախագծի հաստատման համար անհրաժեշտ 2/3-ի քվեն:

30 տարի անց, Հայաստանի ներքաղաքական կյանքը նույն դիլեմայի առջեւ է կանգնած՝ մեկ տարբերությամբ, Հայաստանում իշխող ուժն անվերապահորեն ընդունում է հարեւան երկրից եկող պահանջները։ Ու այդ պահանջներն առաջ տանելու համար էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծվեց 2020 թվականի փետրվարի 12-ին:

Գործընթացի հետագա զարգացումները հաջորդել են հետեւյալ փուլերով. 2021 թվականի դեկտեմբերին վարչապետի որոշմամբ նախկին հանձնաժողովը լուծարվել է, և որոշվել է ստեղծել նոր ձևաչափ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ։ 2022 թվականի հունվարի 27-ին պաշտոնապես հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը, որի շրջանակում հետագայում ձևավորվել է նաև նոր՝ ավելի փոքր կազմով հանձնաժողով։

Ու թեեւ խորհուրդն աշխատել է ավելի քան չորս տարի, իսկ նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը մոտ երկու շաբաթից կհրապարակվի, բայց ուրբաթ օրը կայացած խորհրդի հերթական նիստից հետո հնչած հայտարարություններից պարզ է դառնում, որ ամբողջական տեքստին անգամ խորհրդի անդամները ծանոթ չեն։ Ավելին, հրապարակվելիք տեքստը խորհրդի հեղինակածը չէ, այն ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած տեքստն է լինելու։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ, մասնավորաբար, այն բանի, որ խորհուրդն այդքան աշխատեց, արդյունքում հրապարակ է գալու նախարարության հեղինակած տեքստը։

Մեր զրուցակցի հավաստմամբ, իհարկե, խորհրդի կողմից ինչ-որ քննարկվել է, այդ մասը եւս կներգրավվի հրապարակվելիք տեքստում։ Մի բան Արթուր Սաքունցը հստակեցնում է․ «Տեքստի հրապարակումից հետո դեռ չի նշանակում, որ խորհուրդը չի անդրադառնալու այդ նախագծի այն հոդվածներին, որը խորհուրդը չի հասցրել քննարկել։ Կշարունակվի քննարկումը»։

Ինչ վերաբերվում է այս գործընթացի ամենախնդրահարույց հարցին, Արթուր Սաքունցը պնդում է՝ իր դիրքորոշումը չի փոխվել, ինքը դեմ է Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելուն․ «Ի՞նչ պետք է լինի, որ փոփոխվի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment