Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ պատասխան տան՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Նա հրահանգել է զինված ուժերին բարձր պատրաստվածության մեջ լինել։ Իրանի ռազմական հրամանատարության հաղորդմամբ՝ պատրաստվածության բարձր մակարդակ է պահպանվում Պարսից ծոցի ափին, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի շրջանում, ինչպես նաեւ երկրի հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան սահմաններին։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։
Միաժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն ունի ռազմական գործողություն իրականացնելու կարողություն։
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են, սակայն Թեհրանը, իր խոսքով, «վստահելի չէ» եւ նախկինում հրաժարվել է պայմանավորվածություններից։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն դեռ պետք է հարվածի մեկ կամ երկու թիրախի՝ նշելով, որ դրանք կարող են լինել Իրանի միջուկային օբյեկտներ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Քաթարի միջնորդությամբ քննարկվում է Հորմուզի նեղուցը երկու օրվա ընթացքում վերաբացելու առաջարկ։ Նրա խոսքով՝ դրա իրականացումը կախված է ԱՄՆ-ի կողմից Իրանի պայմանների ընդունումից։ Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյա Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակում Վաշինգտոնի տոնը փոխվել է, եւ դա դրական ազդակ է։
Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանի եւ Քաթարի ներկայացուցիչները շաբաթ օրը Դոհայում բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով Պարսից ծոցի պատերազմից դուրս գալու հնարավոր ուղիները։ Քաթարը նախկինում առաջարկել էր յոթօրյա վստահության ամրապնդման ծրագիր, որը Թեհրանը բավարար չի համարել։ Իրանի առաջարկը ներառում է ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում, սառեցված ակտիվների ապասառեցում եւ Հորմուզի նեղուցով նավարկության համար իրանական առաջարկած երթուղու ընդունում։
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի պայմաններում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: