Այն գործընթացը, աշխատանքը ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից մենք չպետք է հրաժարվենք և այդպես էլ անում ենք՝ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում ասել էր՝ մտադիր չէ Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնել, բացի դրանից՝ դարձյալ կրկնել էր ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին թեզը:
Սիմոնյանի խոսքով՝ ինքը չի տեսել այդ հարցազրույցը և չի կարող մեկնաբանել:
«Ես չեմ տեսել այդ հարցազրույցը և չեմ կարող մեկնաբանել, որովհետև հարցազրույցը, առավել ևս այդպիսի կարևոր հարցազրույցը, մեկ նախադասությամբ և մեջբերմամբ պատրաստ չեմ մեկնաբանել։
Պետք է ասեմ՝ ընդհանրական գնահատական տալով՝ այն գործընթացը և այն աշխատանքն ու ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից չպետք է հրաժարվենք։ Այդպես էլ անում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է գերիներին՝ համոզմունք հայտնեց, որ բոլորն էլ վերադառնալու են:
«Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։
Ինչպես ժամանակին, երբ 200-ի հասնող մարդիկ կային, էլի մարդիկ կային, որոնք չվերադարձվողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերադարձնել։
Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Սիմոնյանը:
Դիտումների քանակ9