Նախարարը Լեհաստանի դատախազությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել նախագահի նկատմամբ

Լեհաստանի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը դատախազությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Սահմանադրական տրիբունալում նախագահ Կարոլ Նավրոցկու վարքագծին, հայտնում է Polsat News-ը։

Ժուրեկի կարծիքով՝ պետության ղեկավարն անթույլատրելի վարքագիծ է դրսևորել, առճակատման մեջ մտել դատավորների հետ և տեղի ունեցածն օգտագործել հասարակության հույզերը բորբոքելու համար։

«Ինձ խիստ մտահոգել է նախագահի վարքագիծը։ Մենք տեսել ենք տեսագրությունները, որոնք այսօր տարածվում են համացանցում, և հուսով եմ, որ դատախազությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը», — հայտարարել է Ժուրեկը TVN24-ի եթերում՝ շաբաթ՝ հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան։

Նախարարն ընդգծել է, որ անընդունելի է համարում նախագահական անձեռնմխելիությամբ պաշտպանված անձի նման վարքագիծը և տեղի ունեցածը սկանդալ է անվանել։ Նրա խոսքով՝ Նավրոցկին իրավիճակն օգտագործել է հասարակության մեջ լարվածությունն էլ ավելի սրելու համար։

Միջադեպը մեկնաբանել է նաև Լեհաստանի նախարարների խորհրդի անդամ, նախարար Մաչեյ Բերեկը, որը X սոցիալական ցանցում հրապարակել է նախագահի՝ Սահմանադրական տրիբունալի շենք ժամանելու տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Նավրոցկին անցնում դռների մոտ կանգնած մարդկանց խմբի միջով։ Նրանց թվում էին տրիբունալի կազմում ընտրված դատավորներ, այդ թվում՝ Քշիշտոֆ Մարկևիչը։

Բերեկի պնդմամբ՝ դատավորները նախագահին սպասում էին անվտանգության նկատառումներով նախատեսված կողային մուտքի մոտ։ Խմբի առջևում կանգնած էր դատավոր Ագնեշկա Կորվին-Պյոտրովսկան, որը մտադիր էր ողջունել պետության ղեկավարին և նրան հրավիրել հանդիպման համար նախապատրաստված սրահ։

Բերեկը հայտարարել է, որ Նավրոցկին կանգ չի առել դատավորի առջև, այլ ուժով բախվել է նրան և սկսել հրելով անցնել մյուս ներկաների միջով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք չի բռնել Լեհաստանի նախագահին և նրա հետ ֆիզիկական առճակատման մեջ չի մտել։

Բերեկի խոսքով՝ հրապարակված տեսագրությունն ամբողջությամբ չի արտացոլում տեղի ունեցածը․ մյուս մասնակիցներն ունեն այլ դիտանկյունից նկարահանված տեսանյութ։ Նա նաև պնդել է, որ շենք մտնելուց հետո նախագահը չի քննարկել իրավիճակը դատավորների հետ, այլ իր աշխատակիցների հետ բարձրացել է վերին հարկ։

NEWS.am

Leave a comment