Թուրքիան թեկնածու է առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Թուրքիան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուին առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Անկարան ակնկալում է, որ Անտոնիո Գուտերեշի իրավահաջորդի ընտրության ձգձգվող գործընթացի ֆոնին դիվանագետը կկարողանա փոխզիջումային գործիչ դառնալ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։

Ըստ գործակալության տվյալների՝ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչն ուրբաթ օրը թեկնածության առաջադրման պաշտոնական նամակը փոխանցել է Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայան:

Սինիրլիօղլուն կադրային դիվանագետ է, որը 2016-ից 2023 թվականներին ներկայացրել է Թուրքիան ՄԱԿ-ում։ 2024 թվականի վերջին նա միաձայն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։

Անտոնիո Գուտերեշը պետք է լքի պաշտոնը 2026 թվականի վերջին, սակայն նրա իրավահաջորդի որոնումներն արդեն մի քանի ամիս շարունակվում են առանց համաձայնեցված արդյունքի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ նախնական քվեարկություններ են անցկացնում՝ մեծամասնության համար ընդունելի թեկնածուին որոշելու նպատակով:

Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, թեկնածության հարցում վետոյի իրավունք ունեն:

Անվտանգության խորհրդի կողմից համաձայնեցվելուց հետո թեկնածությունը պետք է ներկայացվի 193 պետություններից բաղկացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Պաշտոնի համար մղվող պայքարում պահպանվում է նաև տարածաշրջանային ռոտացիայի մասին ոչ պաշտոնական պայմանավորվածությունը. Պորտուգալիան ներկայացնող Գուտերեշից հետո ակնկալվում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից։ Բացի այդ, ՄԱԿ-ի անդամ շատ պետություններ կողմ են, որպեսզի պատմության մեջ առաջին անգամ այս պաշտոնում կին ընտրվի: Սինիրլիօղլուի թեկնածությունը չի համապատասխանում այս երկու չափանիշներից ոչ մեկին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց է կոչ անում բարեփոխել ՄԱԿ-ը, նախևառաջ՝ Անվտանգության խորհուրդը, պնդելով, որ հինգ մշտական անդամները չափազանց մեծ ազդեցություն ունեն։

2026 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ նա կրկին հնչեցրել է իր կարգախոսը. «Աշխարհն ավելին է, քան հինգը»։

NEWS.am

Leave a comment