Քննարկվող թեմաների օրակարգը չպետք է հագեցած լինի աղանդապետի կամ նրա կամակատարների առաջարկած թեմաներով․ Գենադի Մնացականյան

Վերջին ամիսներին հաճախ հայտնվում ենք ներհասարակական մի իրավիճակում, որտեղ հանրային տիրույթում սկսում ենք արծարծել այնպիսի թեմաներ, որոնց  մասին, կարծում եմ, նպատակահարմար չէ խոսել։ Նպատակահարմար չէ խոսել այն պատճառով, որ քրիստոսամարտ շրջանակները կեղծ թեմաները ասպարեզ են նետում  հենց այդ նպատակին հասնելու մեղսավոր դիտավորությամբ, այսինքն` նրանք ուզում են, որպեսզի իրենց արձակած տեղեկատվական թունավոր նետերը հնարավորինս շատ էությամբ հայ մարդկանց սրտերին հասնեն։ Եվ դա, պատկերացրեք, որ նրանց մոտ վտանգավոր չափով ստացվում է նաև ընդդիմադիր հայացքներով հանդես եկող հասարակական-քաղաքական գործիչների «օգնությամբ»։

Կապ չունի, թե մենք ինչ շեշտադրումներով ենք խոսում դրանց մասին, ոմանք դա անում են նաև հայհոյախառն բառամթերքով, ոմանք դեռևս չբացահայտված աստվածաբանական մտքերով, ոմանք հայրենասիրական մղումներից ելնելով ու այդպես շարունակ։ Որպեսզի ինքս էլ տուրք չտամ նմանատիպ տեղեկատվական սադրանքներին, չեմ խոսի նրա մասին, թե եկեղեցահալած համայնքի կոնկրետ ո՞ր ուղերձների մասին է խոսքը, առանց այն էլ, կարծում եմ, հասկանալի է։  Սակայն ուզում եմ նշեմ, որ, մանավանդ այս նախընտրական շրջանում, ըստ իս, քննարկվող թեմաների օրակարգը չպետք է հագեցած լինի աղանդապետի կամ նրա կամակատարների առաջարկած թեմաներով։ Այս դեպքում կարող է հարց առաջանալ թե, իսկ ինչպե՞ս պետք է պայքարենք նրանց ապատեղեկատվությունների դեմ։ Այդ հարցը, անշուշտ, ունի իր պատասխանը։ Եթե խոսքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին է, ապա մենք պետք է շատ ուշադիր հետևենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնչող պաշտոնական հայտարարություններին, հորդորներին, պարզաբանումներին և այլ ուղերձներին և դրանցից ողջամիտ հետևություններ անենք։

Լինում են նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անձնական ուղերձները, որոնք, անշուշտ, նույնպես պաշտոնական են և հավասարազոր են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից հնչող ուղերձներին։ Թե՛ Վեհափառ Հայրապետի և թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղերձները չպետք է ուղղակի ընթերցենք ու անցնենք։ Անհրաժեշտ է դրանք յուրացնել որպես դաս, որպես ուղեցույց։ Եթե նկատել եք, որպեսզի Մայր Աթոռի կամ Վեհափառ Հայրապետի ուղերձները մատչելի լինեն հասարակության լայն շրջանակների համար, պաշտոնական հայտարարություն – ուղերձներից հետո, անպայման որոշ մեկնաբանություններով ու պարզաբանումներով հանդես են գալիս բանիմաց հոգևորականներ, ովքեր բավարար չափով տիրապետում են արծարծվող թեմաներին և լավագույնս արտահայտում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեսակետները։ Մի խոսքով, սիրելի քույրեր և եղբայրներ, զգոն լինենք, որպեսզի չհայտնվենք համաշխարհային քրիստոսահալած համայնքի տեղեկատվական բազմահնար ծուղակներից որևէ մեկում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment