Դժվար է աշակերտին բացատրել, թե ինչու է դպրոցում ծեծկռտուքը, բուլինգը, դասարանցու վրա շիշ նետելը վարմունքի կոպիտ խախտում, իսկ խորհրդարանում՝ քաղաքական պայքարի մեթոդ. Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Միլիարդներ ենք ծախսում դպրոցական հարմարավետ ու սիրունիկ շենքեր կառուցելու վրա, ու դա լավ է։ Կրթական նոր չափորոշիչներ ենք ներդնում, երեխաներին փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն ենք սովորեցնում, ու դա շատ լավ է։ Հետո այդ երեխաներին տանում ենք երկրի գլխավոր քաղաքական ամբիոն՝ ցուցադրելու, թե ոնց են օրենսդիրները բռունցքներով ու հայհոյանքներով փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն դրսևորում։

Դպրոցականներին բացատրում ենք, թե ինչ է ժողովրդավարությունը, պառլամենտարիզմը, քաղաքական բանավեճի մշակույթը, ու դա ճիշտ է։ Դպրոցականներին դասերի ժամանակ համոզում ենք, որ հաջողության բանալին ուսման, շարունակական կրթության մեջ է, ու դա շատ ճիշտ է։ Հետո այդ դպրոցականներին տանում ենք խորհրդարան, որտեղ նրանք ստանում են բոլորովին այլ դաս. ով ավելի բարձր է գոռում, ավելի կոպիտ է վիրավորում, ավելի ագրեսիվ է պահում իրեն, նա էլ կարող է դառնալ երկրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչ։

Հետևաբար, շատ-շատ եմ խնդրում ԱԺ-ում, կրթության նախարարությունում, մարզպետարաններում, կրթական հաստատություններում որոշում կայացնողներին գոնե ժամանակավորապես դադարեցնել դպրոցականների այցելությունները ԱԺ նիստերի դահլիճ։ Օրենսդիրների իրավունքն է (մի գուցե նաև իրական պառլամենտարիզմի պարտադիր բաղադրիչը) միմյանց հետ շփվել վիրավորանքի, սպառնալիքի, մանիպուլյացիայի ու բռունցքների միջոցով։ Բայց հեչ ցանկալի չի այդ իրավունքն իրացնել դպրոցականների աչքի առաջ։

Ի վերջո, երեխաներն ավելի շատ սովորում են մեծերի վարքից, քան դասագրքերից։ Եվ դժվար է աշակերտին բացատրել, թե ինչու է դպրոցում ծեծկռտուքը, բուլինգը, դասարանցու վրա շիշ նետելը վարմունքի կոպիտ խախտում, իսկ խորհրդարանում՝ քաղաքական պայքարի մեթոդ։

Իսկ երեխաներին ԱԺ դահլիճի փոխարեն կարելի է տանել թանգարաններ, թատրոններ, բուհեր, գիտական կենտրոններ, պատկերասրահներ։ Շատ ավելի օգտակար կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment