Կանադան և Եվրամիությունը հայտարարել են դաշինք ստեղծելու մասին՝ աճող աշխարհաքաղաքական անկայունության և առևտրային հակամարտությունների պայմաններում իրենց տնտեսական և քաղաքական ինքնուրույնությունն ամրապնդելու համար, գրում է The Guardian-ը։
Մոնրեալում կայացած երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել են «Դաշինք հանուն ապագայի» խորագրով նախաձեռնությունը։
Առաջնորդների խոսքով՝ այս գործընկերությունը պետք է հենարան դառնա ընդհանուր արժեքներ կիսող երկրների համար՝ օգնելով նրանց դիմակայել տնտեսական ճնշումներին, ժողովրդավարական նորմերի թուլացմանն ու միջազգային հարաբերությունների անկայունությանը։ Քարնին հայտարարել է, որ հասարակությունները բախվել են նոր ցնցումների, որոնց թվում են կլիմայական ճգնաժամն ու առևտրի՝ որպես ճնշման գործիքի կիրառումը:
Կանադան նաև համաձայնել է մասնակցել Ուկրաինային 90 միլիարդ եվրո ծավալով աջակցության վարկի տրամադրմանը։ Բացի այդ, կողմերը մտադիր են քննարկել առավել ինտեգրված շուկայի ստեղծման, առևտրային և տրանսպորտային սահմանափակումների կրճատման ու կրթական հնարավորությունների ընդլայնման հարցերը:
Համագործակցության առաջնահերթություններից է լինելու ամերիկյան տեխնոլոգիաներից, մասնավորապես՝ արհեստական բանականության և պաշտպանության ոլորտներում, Կանադայի կախվածության նվազեցումը։ Որպես օրինակ Քարնին մատնանշել է կանադական Cohere և գերմանական Aleph Alpha ընկերությունների նախատեսվող միաձուլումը։ Նոր ընկերության գլխամասային գրասենյակները կգտնվեն Բեռլինում և Տորոնտոյում, իսկ Կանադայի դաշնային իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են մինչև 1,6 միլիարդ կանադական դոլար ներդնել Cohere-ում։
Օտտավան և Բրյուսելը նաև պայմանավորվել են Կանադան միացնել եվրոպական գերհամակարգիչների ցանցին։ Դա կանադացի մասնագետներին հասանելի կդարձնի եվրոպական հաշվողական հզորությունները՝ արհեստական բանականության մոդելներ ուսուցանելու նպատակով։
Կողմերը կրկին քննարկել են Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս ձևաչափի հստակ չափորոշիչները նախատեսվում է սահմանել մինչև 2027 թվականի գագաթնաժողովը։ Եվրամիության որոշ երկրներ մտավախություն ունեն, որ նոր կարգավիճակը կարող է շփոթություն առաջացնել միությանն անդամակցելու հարցերում։
Առաջնորդներն այս դաշինքը ներկայացրել են նաև որպես շարքային քաղաքացիների համար առևտրային ցնցումների հետևանքները, այդ թվում՝ կյանքի թանկացումը մեղմելու միջոց։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ առևտուրը որպես տնտեսական ճնշման գործիք կիրառելն ի վերջո անդրադառնում է ընտանեկան ծախսերի վրա՝ սկսած պարենի գներից մինչև ավտոմեքենաների արժեքը։
Այդուհանդերձ, գագաթնաժողովը տարաձայնություններ է հարուցել բուն Կանադայի ներսում։ Քվեբեկի վարչապետ Պոլ Սեն-Պիեռ Պլամոնդոնը բոյկոտել է միջոցառումը՝ դժգոհելով, որ դաշնային կառավարությունն իրեն թույլ չի տվել հրապարակավ ելույթ ունենալ։ Նա Օտտավային մեղադրել է միջազգային հարթակներում նահանգի շահերի ներկայացման հարցում վերջինիս ունեցած ազդեցությունը սահմանափակելու ձգտման մեջ։