ՔՊ-ական պատգամավոր․ Բոլորն էլ ապտակի ձեւը գիտեն, ուղղակի խնդիրն այն է, որ մեր թիմին հատուկ սադրում են․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը, որը ծեծկռտուքն իր հեռախոսով նկարահանում էր, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ԱԺ-ում տեղի ունեցածի մասին, նկատեց. «Մենք բռնությունը երբեք չենք խրախուսել: Դուք նկատե՞լ եք երբեւէ, որ մենք բռնությունն ինչ-որ կերպ խրախուսենք»: Իսկ Փաշինյանի գրառումները, հայտարարությունները՝ տեղի ունեցածի մասին, ի՞նչ էին` խրախուսում չէի՞ն։ «Մենք ամենասկզբից խոսել ենք բարեկրթությունից, խոսել ենք այն մասին, որ պետք է ընդդիմության հետ ունենանք նորմալ հարաբերություններ, խոսել ենք այն մասին, որ քաղաքական քննարկումները կարեւոր են, բայց երբ տեսնում ենք, որ դրանք վերածվում են հայհոյանքների, եւ մարդիկ ունակ չեն անգամ լսելու քննադատական խոսք իրենց հասցեին եւ դիմում են բռունցքներին, ինչպե՞ս եք այդ ամենը գնահատում: Այսինքն` իրենք կարող են գալ ամբիոնի մոտ, ապտակել մեր պատգամավորին, խփել նրա գլխին, իսկ մենք պիտի լուռ նայեի՞նք, թե ինչպես են հարվածներ հասցնում նրան: Ինչ վերաբերում է վարչապետի գրառմանը, ապա նայած թե ով ինչպես է հարցին նայում: Եթե ընդդիմությունը բռունցքների օգնությանն է դիմում, ապա պետք է նաեւ պատրաստ լինի, որ կարող է նաեւ պատասխան լինել: Առավոտից սադրում էին մեր գործընկեր Նարեկ Գրիգորյանին: Անգամ նրա ընտանիքի, երեխայի մասին մի պատգամավոր գրառում էր կատարել, այսինքն` դա կարելի՞ է: Բոլորն էլ ապտակի ձեւը գիտեն, ուղղակի խնդիրն այն է, որ մեր թիմին հատուկ սադրում են, ամեն ինչ անում են, որպեսզի հունից դուրս գանք: Բայց Նարեկ Գրիգորյանն այնքան հավասարակշռված մարդ է, որ սադրանքին չտրվեց, ավարտեց իր քաղաքական ելույթը եւ գնաց նստեց իր տեղում: Մենք հասարակության այն խումբն ենք, որը պետք է օրինակ ծառայի բոլորին, մենք դեմ ենք բռնությանը եւ կարծում ենք, որ խորհրդարանում պետք է խոսքի մշակույթ ձեւավորվի, հարկ եղած դեպքում պետք է նաեւ համագործակցել, որովհետեւ մեր նպատակը ոչ թե մեր անձնական շահերն են, այլ մեր պետության շահն է: Ինչ էլ որ անելու լինենք, պետք է անենք ի շահ մեր պետության»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment